ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վասն ազգային փոքրամասնությունների
ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը չորեքշաբթի որոշում է ընդունել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին, որոնցով նախատեսվում է հանել ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերի սահմանափակումները։
Փոխնախարարի խոսքով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ հաղորդումների հեռարձակման համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում (ՀՀՀ) նախատեսվում էր շաբաթը մեկ ժամ, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ) եթերում՝ օրական մեկ ժամ։
«Նման դրույթը սկզբունքորեն սահմանափակում է ազգային փոքրամասնությունների հնարավորությունները՝ ՀՀՀ-ի և ՀՀՌ-ի եթերում ազգային լեզուներով հաղորդումների հեռարձակման համար, ինչպես նաև մասնակիորեն սահմանափակում է մայր լեզվով տեղեկատվություն ստանալու՝ ազգային փոքրամասնությունների իրավունքը։ Նման սահմանափակումը արդարացված չէ, և այն հանելը ոչ մի վնաս չի հասցնի պետությանն ու հասարակությանը։ ՀՀՀ-ն եւ ՀՀՌ-ն պետք է իրենք որոշեն Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումների հեռարձակման ժամերը», նշել է փոխնախարարը։
Հայաստանում բնակվում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հույներ, հրեաներ, քրդեր, լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ և եզդիներ։ Ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 4 տոկոսը, հանրապետության բնակիչների ընդհանուր թիվը 3,2 միլիոն է։
