Խոճկորի ոսկոր եւ հորթի լեզու

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանձնաժողովը քննարկել է ընդդիմության տրամադրած տեսաերիզի որոշ դրվագներ՝ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, քննիչ Վաղինակ Մկրտչյանի, դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանի մասնակցությամբ։

Տեսանյությում առկա վրաերթի ենթարկման կադրի վերաբերյալ Վահագն Հարությունյանը տեղեկացրել է, որ վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գեւորգ Թեւանյանը: Վկաների ցուցմունքներով պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի ոստիկանական ավտոմեքենան վարել է քաղաքացիական հագուստով տղամարդ, որի անձը դեռեւս պարզված չէ: Նա վրաերթի է ենթարկել Գեւորգ Թեւանյանին, ապա բախվել մայթեզրին: Վարորդը իջել է մեքենայից եւ փախել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գեւորգ Թեւանյանը հարցաքննվել է:

Տեսաերիզում ցուցադրված ծեծի տեսարանի առնչությամբ. քրեական գործը հարուցված է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` քննություն է տարվում ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինաչափությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ:

Նիստում քննարկվել են նաեւ կադրերից մեկում ցուցադրվող իբր մարդու գլխի հատվածների եւ արյան հարցը: Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանի խոսքով, դատախազության եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գրությամբ կատարել են տեսաերիզի փորձաքննություն Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բոլորը միանշանակ հիմնավորել են, որ ոսկրային բեկորները մարդու չեն, այլ` խոճկորի: Այտոսկրը խոճկորի է, լեզուն` ոչխարի կամ հորթի: Նրա համոզմամբ տեսաերիզը մոնտաժված է: