ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կրոնի ազատության հարցում խնդիրներ կան
Հրապարակվել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի աշխարհում կրոնի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը։
Զեկույցում նշված է. «Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, այդուամենայնիվ, օրենքը որոշակի սահմանափակումներ է մտցնում կրոնական փոքրամասնությունների ազատությունների նկատմամբ։ Կառավարությունը այդ սահմանափակումները կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր չի կատարել: Հաղորդումներ են եղել հավատքի կամ կրոնական պատկանելիության վրա հիմնված վատ վերաբերմունքի եւ խտրականության մասին:
2008 թվականի մայիս եւ հունիս ամիսներին իշխանամետ «Հայոց Աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերը հակասեմիտական մեղադրանքներ են հրապարակել նախկին նախագահ, ներկայիս ընդդիմության առաջնորդ Lեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Տեղական դիտորդները հրահրիչ այդ հրապարակումները դիտարկում են որպես ընդդիմության առաջնորդին երկրի դավաճան ներկայացնելու եւ սեւացնելու փորձ: Նույնաբովանդակ հաղորդումներ է հեռարձակել նաեւ Հանրային հեռուստատեսությունը, եւ նշում է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները հրապարակավ քննադատել են ու հորդորել կառավարությանը Հ1-ի եթերում անհապաղ դադարեցնել հակասեմիտական հարձակումները Lեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա` ազգությամբ հրեա կնոջ նկատմամբ:
Հայաստանում բնակչության մեծ մասը բացասական վերաբերմունք ունի կրոնական փոքրամասնությունների, հատկապես «Եհովայի վկաների» նկատմամբ, քանի որ վերջիններս հրաժարվում են ծառայել բանակում: Բացի այդ, կա համատարած, սակայն չհիմնավորված համոզմունք, որ «Եհովայի վկաները» հոգեորսությամբ են զբաղվում հատկապես ընչազուրկների շրջանում: «Եհովայի վկաները», իրենց հերթին, շարունակում են բողոքել, որ դատավորները այլընտրանքային զինծառայությունից խուսափելու համար սահմանում են օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը. ըստ ուսումնասիրության` 2007-ի հուլիսից մինչեւ 2008-ի հունիսը այլընտրանքային զինծառայությունից խուսափելու համար դատապարտվել է 36 «Եհովայի վկա», որոնցից 19-ը ստացել է 30 ամսվա, 3-ը` 36 ամսվա ազատազրկում, ինչը օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է»:
