ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Հայաստանին կտրամադրի եւս 2.7 միլիոն դոլար
2008 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-lամաձայնագրի արձանագրությունը եւ փոփոխությանների մասին համաձայնագիրը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, համաձայն սույն 7-րդ եւ 8-րդ փոփոխությունների` ԱՄՆ Կառավարությունը 2,709,600 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրի ՀՀ Կառավարությանը` մի շարք ծրագրերի իրականացման համար:
Այս ֆինանսավորումը կնպաստի Հայաստանի հետևյալ հաստատությունների զարգացմանը և երկկողմ ծրագրերի իրականացմանը`
ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական լաբորատորիայի զարգացման ծրագիր, ՀՀ իրավապահ մարմինների համար հրաձգարանի կառուցման ծրագիր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագիր, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման ծրագիր, «Փրոջեքթ հարմոնիի» ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագիր, Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության ծրագիր, ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի զարգացման ծրագիր, թրաֆիկինգի զոհերի օժանդակության ծրագիր և ՀՀ անձնագրերի տպագրման համակարգի պաշտպանվածության հզորացման ծրագիր:
2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան տասը միլիոն ԱՄՆ դոլար։
