ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՍԴՀԿ-ն պահանջում է
Ս.Դ.Հնչակյան կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել ՀՀ արտգործախարար Էդվարդ Նալբանդյանին, որում ասվում է.
«Պարոն նախարար, թուրքական մի քանի պարբերականներում վերջին օրերին անընդհատ տեղեկատվություն է շրջանառվում, թե իբր սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ԳԱ նիստում Դուք և Թուրքիո արտգործնախարարը հայտարարելու եք Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների խումբ ստեղծելու մասին: Հայ իրականության առաջին քաղաքական կուսակցությունը` Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը, իր` Հայաստանում և Սփյուռքում գտնվող բազմահազար կուսակցականների և համակիրների անունից` Ուրուգվայից մինչև Սիրիա, Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Եգիպտոսից մինչև Կանադա, պահանջում է Ձեզնից հերքել այս դավադիր լուրը, որ շրջանառվում է թուրքական մամուլում: Պրն Նալբանդյան, վստահ ենք, որ հասկանում եք, թե ինչ ծանր և աղետալի հետևանքներ կարող է ունենալ նման քայլը Հայաստանի և հայ ժողովրդի համար: Նախնիների անեծքին և սերունդների արհամարհանքին կարժանանա այն հայը, ով երբևիցե կասկածի տակ կառնի մեր մեծագույն վշտի` Մեծ Եղեռնի իրողությունը: Հրապարակավ պահանջում ենք Ձեզնից պաշտոնական հերքում տալ այս տեղեկատվությանը: Իսկ եթե իրականում նման նախաձեռնություն կա, ապա ցասումով լի պահանջ ենք ներկայացնում` հետ կանգնել նման ազգադավ և ապօրինի քայլից»:
