Հայաստանը մնալու է ԵԱՀԿ-ում

«Հայաստանը ակտիվորեն ներգրավված է մնալու ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը», ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությանն աջակցող աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Նիկոլաոս Կալանցիանոսի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, ՀՀ ԱԳ նախարարը ասել է նաեւ, որ «Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը անվտանգության և համագործակցության ապահովման և խթանման գործում: ԵԱՀԿ-ն կրկնակի կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար, քանզի այդ կազմակերպության շրջանակներում է գործում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը»:

Դեսպան Կալանցիանոսն, իր հերթին, ներկայացնելով ԵԱՀԿ-ում հունական նախագահության առաջնահերթությունները՝ նշել է, որ հակամարտությունների կարգավորումը և տարածաշրջանային կայունության ապահովումը ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահության ուշադրության կենտրոնում են լինելու։