Մնաց հունվարին

Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձևների կատարման հարցը սեպտեմբերին չի քննարկվի Վեհաժողովի ամառային նստաշրջանի ժամանակ, տեղեկացրել է, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Հինգշաբթի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի կողմից թիվ 1609 և 1620 բանաձևների կատարման վերաբերյալ 10 րոպե տևողությամբ զեկույց ներկայացրեց՝ նշելով առաջընթացը որոշման դրույթների իրականացման մեջ և մատնանշելով դեռևս առկա խնդիրները։

«Համարբերգը ԵԽԽՎ բանաձևի կատարման գործում ձեռքբերում արձանագրեց, և, բնականաբար, Հայաստանի հարցն այլևս արտակարգ կարգով չի ընդգրկվի Վեհաժողովի սեպտեմբեր ամսի նստաշրջանի օրակարգում», ասել է Զոհրաբյանը:

Իսկ ահա «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը կարծում է, որ մոնիտորինգային հանձնաժողովը կենտրոնացած էր ռուս-վրացական հակամարտության վրա, այդ իսկ պատճառով Հայաստանի խնդրին մեծ ուշադրություն չի հատկացրել։ Նրա կարծիքով, ԵԽԽՎ բանաձևները լիարժեք կերպով չեն իրականացվել իշխանությունների կողմից։