Օրինագիծը հապճեպ է ընդունվել, դա հետընթաց է

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանիի հանդիպման ժամանակ եվրոպացի դիվանագետը հետաքրքրվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Ազգային ժողովի 3 ընթերցումներով ընդունած օրինագծով եւ նկատել, որ նախագիծը հապճեպ ընդունվեց, առանց եվրոպական փորձաքննության, եւ քայլ էր ոչ թե ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ, այլ` հետընթաց, որ նշանակում է` կառավարությունն ու Ազգային ժողովը լրջորեն չեն ընդունել ԵԽԽՎ բանաձեւի առաջարկությունները:

Իհարկե Տիգրան Թորոսյանը հակադարձել է, թե կառավարությունը հրատապ էր ճանաչել եւ կառավարության ներկայացուցչի հիմնավորումն էր` անալոգայինից թվային հեռարձակման անցումը, որը պետք է ավարտվի մինչեւ 2010 թ. եւ այդ ընթացքի համար լիցենզիաների ժամկետն ավարտած հեռուստաընկերությունների նոր մրցույթներ չանցկացնելը:

Իսկ Եվրոպայի Խորհրդի քաղաքական խորհրդատվության եւ համագործակցության հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանին մտահոգված էր նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքով:

Այստեղ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կիսել է եվրոպացու մտահոգություն եւ նկատել, որ առաջիկա չորս ամիսները Հայաստանի համար կարեւոր ժամանակ են՝ կուտակված խնդիրները լուծելով` իրավիճակը շտկելու առումով: Այս տեսակետից Աժ նախագահը կարեւորել է ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունը` նշելով, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարումը առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի համար: