ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ դատարանի նախագահը բացատրել է կոռուպցիան ծնող պատճառները
«Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը` օրենքի առաջ հավասարությունը։ Եթե կոռուպցիան ներթափանցում է դատարաններ, անկախ նրանից, թե դրա դրդապատճառն ագահությունն է, թե քաղաքական շահը, Ֆեմիդայի կշեռքի հավասարակշռությունը խախտվում է, և դրանից տուժում են սովորական մարդիկ։ Կոռուպցիան դատարաններում անլսելի է դարձնում անմեղ զոհերի ձայնը, իսկ հանցագործները գործում են անպատիժ»,- Դատավորների միջազգային միության տարեկան 51-րդ համաժողովում իր ելույթում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը:
Այնուհետև Հ. Մանուկյանը նկատել է, որ արդարադատության համակարգում կոռուպցիան ծնող պատճառները շատ են, ուստի նրա համոզմամբ, դրա դեմ պայքարը վերածվում է պայքարի անկախ և անկողմնակալ արդարադատության համար: Վճռաբեկ դատարանի նախագահը կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը հաղթահարելի է: «Արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ հնարավոր է, սակայն դա կարելի է անել միայն, եթե հասարակությունում կա ձևավորված սոցիալական պատվեր, իսկ քաղաքական իշխանությունը ունի հստակ կամք իշխանության բոլոր մակարդակներում արմատախիլ անելու այդ չարիքը»,- ասաց նա։
Բացատրելով կոռուպցիան ծնող պատճառները, Հ. Մանուկյանը նշել է, որ Հայաստանում այն արմատացած է դեռ խորհրդային տարիներից ու դարձել է ժողովրդի մենթալիտետի մաս: «Հիվանդության հաջորդ հիմնական պատճառներից մեկը իշխանությունների զսպումների և հակակշիռների մեխանիզմների անկատար գործարկումն է, ինչը հնարավորություն է տալիս առաջին երկու իշխանություններին միջամտել արդարադատության գործառույթին կամ ներազդել դրա վրա։ Նման յուրահատուկ կախվածությունը, որը կարելի է անվանել «քաղաքական կոռումպացվածություն», հետևանք է բարդ հարաբերությունների դատարանների և պետական մարմինների միջև, հատկապես գործադիր իշխանության հետ։ Սա հիմնականում բնորոշվում է երրորդ իշխանության ոչ բավարար ինքնուրույնությամբ»,- շարունակեց Հ. Մանուկյանը։
Ըստ նրա, դատավորի անկողմնակալության համար քաղաքական միջամտությունից ոչ պակաս վտանգավոր գործոն է դատավորի ֆինանսական անբավարարությունը։ «Դատավորի վարձատրությունը պետք է բավարար լինի դատավորի եւ իր ընտանիքի կարիքները հոգալու համար, որպեսզի վերջինս չփնտրի ուղիներ՝ ստանալու լրացուցիչ եւ, առավել եւս, ապօրինի եկամուտներ», - նշեց Հ. Մանուկյանը:
