Մի գործ էլ գնաց դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2008 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 7 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց»:

Ավարտվել է նաեւ Ֆելիքս Գեւորգյանի եւ Արմեն Խուրշուդյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու եւ զենք զինամթերք հափշտակելու կամ շորթելու մեջ։