Հրանտ Դինքը գիտեր, որ հետապնդվում է

2007 թվականին սպանված «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը ժամանակին դիմել էր Թուրքիայի համապատասխան մարմիններին` հրազեն կրելու թույլտվություն ստանալու համար, ու մերժում էր ստացել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին երկրի խորհրդարանի` Դինքի սպանությամբ զբաղվող ենթահանձնաժողովին հայտնել է ոստիկանության լրտուներից մեկը, ով, ինչպես հաղորդվում է, հայկական ծագում ունի:

Դինքի մերձավոր շրջապատում ելումուտ ունեցող լրտուն, որի անունը չի հրապարակվում (նշվում են միայն սկզբմատառերը` Հ.Ա.), ինչպես գրել է «Հյուրիեթ» թերթը, հետեւել է «Ակոսի» խմբագրապետին եւ, հավանաբար, հայկական արմատներ ունի` դատելով ազգանունից:

Ըստ լրտուի` ենթահանձնաժողովին փոխանցած տեղեկատվության, Դինքը դիմել է հրազեն կրելու թույլտվություն ստանալու համար ու մերժում է ստացել: Լրտուն ասել է նաեւ, որ տեղյակ չէ, թե մերժում ստանալու կապակցությամբ որ մարմնին է բողոքել Դինքը:

Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Էրդել Դողանը հայտնել է. «Դինքը գիտեր, որ հետապնդվում է: Անհատը, որը պնդում էր, թե սպառնալիքներ է ստանում, դիմել էր զենք կրելու թույլտվություն ստանալու համար ու մերժում ստացել: Սա մարդու իրավունքների խախտում է», - հայտարարել է փաստաբանը։