ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր ժամանակները անհանգստացած է
Նոր ժամանակներ կուսակցության Վարչությունը Ջավախքում վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Վերջին օրերին կրկին սրվել է իրավիճակը հայաբնակ Ջավախքում: Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների են ենթարկվում հայապահպանության մղումներով առաջնորդվող հայրենասիրական ուժերը: Վերջին դեպքերի առնչությամբ, ակնհայտ հաշվեհարդարի քողի ներքո, շինծու հետաքննություն է իրականացվում այն գործիչների նկատմամբ, ովքեր ակտիվորեն բարձրաձայնում են ջավախահայության խնդիրներն ու փորձում լուծումներ գտնել դրանց համար:
Նոր ժամանակներ կուսակցությունը դեռևս 2006թ. մայիսի 30-ին կազմակերպած և ջավախահայության խնդիրներին առնչվող հանրահավաքում ահազանգել էր հայաբնակ այդ երկրամասում ճգնաժամի խորացման հետագա միտումների մասին` հորդորելով Հայաստանի իշխանություններին հայ-վրացական բոլոր մակարդակի հանդիպումներում բազմակողմանիորեն քննարկել և դրական լուծում տալ ջավախահայությանը հուզող կենսական հիմնահարցերինª մինչև երկկողմ սահմանազատման պայմանագրի ստորագրումը:
Ցավոք, մինչ օրս ՀՀ իշխանություններն այս հարցում էական քայլեր չեն ձեռնարկել` կանխարգելելով հայկական էթնոսի շահերի շարունակական ոտնահարումները վրացական իշխանությունների կողմից, ինչը վկայում է ՀՀ իշխանությունների անգործության մասին և դիտվում որպես արտաքին քաղաքականության մեջ պարտության դրսևորում: Հանցավոր անտարբերության արդյունքում ճգնաժամը գնալով ավելի է խորանում` խաթարելով արդեն տարածաշրջանային անվտանգությունը: Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին իր հերթին պետք է հաշվի առնի, որ աշխարհաքաղաքականության մեջ, ըստ էության, նախընտրելի է փոխզիջումների գնալու գործելակերպը, մինչդեռ բացառապես ուժային մեթոդներով հանգուցալուծումը կարող է հակամարտություններով լեցուն Վրաստանում բացել երրորդ ճակատն ու կազմաքանդել պետությունը: Գաղտնիք չէ, որ հակամարտության օջախներում` Աբխազիայում և Հարավային Օսեթիայում կան ազդեցիկ հայկական համայնքներ, որոնք կարող են հաշտարար միջնորդ հանդիսանալ կողմերի միջև, մինչդեռ Վրաստանում հայկական էթնոսի դեմ կիրառվող բիրտ ճնշումները կարող են հայկական գործոնի կորստի հանգեցնել, ինչն այս հանգրվանում բնավ չի բխում Վրաստանի կենսական շահերից:
Ելնելով վերոգրյալից Նոր ժամանակներ կուսակցությունը ՀՀ իշխանություններից անհապաղ պահանջում է Ջավախքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես գալ հստակ դիրքորոշմամբ, առկա խնդրի շուրջ բանակցություններ սկսել Վրաստանի իշխանությունների հետ և աջակցություն ցուցաբերել բոլոր ջավախահայերին, ովքեր կակնկալեն Հայաստանի Հանրապետության զորակցությունը: Իսկ Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլուն հորդորում ենք սթափ գնահատել իրավիճակը և կշռադատված մոտեցում ցուցաբերել հայկական գործոնին, ինչը կարող է Վրաստանում կայունության ու խաղաղության գրավական լինել: Հակառակ պարագայում հայկական էթնոսի շահերի դեմ ուղղված ոտնձգություններն ու ուժային բիրտ մեթոդների կիրառումը կարող են նոր առճակատման հանգեցնել` խաթարելով հանրային դիվանագիտության բոլոր ջանքերը:
ՆԺԿ-ն սույն հայտարարության պատճենները ուղարկվելու են նաև Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլուն, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղարությանը»։
