ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենը մտահոգված է
Մարդու իրավունքների պաշտպանին դիմում է հասցեագրել քաղ. Գագիկ Ավդալյանը (հասցե՝ Լուկաշինի 1փող., 33 տ), որով հայտնել է, որ Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական և հոգեկան ճնշում գործադրելով՝ իրենից կորզել են կեղծ ցուցմունքներ Մ. Մալխասյանի և մի շարք այլ քաղաքացիների նկատմամբ, Ըստ դիմումատուի՝ ծեծի արդյունքում ստացել է լուրջ վնասվածքներ: Հայտնել է նաև, որ ցուցմունքները գրել է թելադրանքով և հարկադրանքի միջոցով ու դրանք դատարանում չպետք է դիտվեն որպես հիմնավոր ապացույցներ:
Դիմումատուն նշել է, որ չի բնակվում իր տանը, քանի որ վախենում է հետագա հետապնդումներից:
Խնդրել է Պաշտպանի միջամտությունը պետական պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ, ինչպես նաև իր անվտանգությունը ապահովելու համար:
Այս առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել ՀՀ ոստիկանապետին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։ «Խնդրում եմ հանձնարարել անցկացնել ծառայողական քննություն և նշված փաստերը հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկել մեղավոր պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաև՝ միջոցներ ձեռնարկել Գ. Ավդալյանի անվտանգությունը ապահովելու համար», գրել է օմբուդսմենը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, «ներկայացված դեպքը առաջինը չէ, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են դիմումներ, որոնց հեղինակները հայտնում են, որ ս.թ-ի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, իրավապահ մարմինները ֆիզիկական և հոգեբանական ճնշումների միջոցով իրենցից կորզում են կեղծ ցուցմունքներ` այլ անձանց վերաբերյալ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր մտահոգությունն է հայտնում նշված երևույթի վերաբերյալ և կոչ է անում իրավապահ մարմիններին` իրենց գործունեությունը իրականացնելիս խստորեն պահպանել օրենքով նախատեսված պահանջները»:
