ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննությունը կասեցվել է
Նախօրեին կասեցվել է Panorama.am տեղեկատվական կայքէջի` Խորենացի 34բ հասցեում գործող խմբագրությունից մայիսի 16-ին տեղի ունեցած գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Panorama.am-ը տեղեկացնում է, որ գործի նախաքննության կասեցման մասին տեղեկացել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մարտոյանիցմ ով ասել է նաեւ, որ կասեցումը եղել է Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն, երբ երկու ամսվա ընթացքում հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Ըստ քննիչի, նախաքննության շրջանակում հարցաքննվել է 15-16 մարդ:
Խմբագրության հիշյալ հասցեում մայիսի 16-ին տեղի ունեցած գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիման վրա. գողություն, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: Քրեական օրենսգիրքն այս հանցագործության համար սահմանում է երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում:
Գործի քննությունը վարում էր Ոստիկանության Էրբունու քննչական բաժինը: Խմբագրությանը հանցագործության հետևանքով հասցվել է բավականին մեծ նյութական վնաս, բացի արժեքավոր տեխնիկայից, գողացված համակարգիչներից մեկում պահպանված էր խմբագրության գրեթե ողջ արխիվը` լուսանկարների, ձայնագրությունների, հրապարակված ու հրապարակվելիք նյութերի: Միայն լուսանկարների արխիվը գնահատվում է մի քանի հարյուր հազար դրամ:
Ի դեպ, այս գողությունից երկու օր անց նույն ձեռագրով համակարգիչներ են գողացել Կենտրոն համայնքի դպրոցներից մեկից: Այս գործը ևս դեռ չի բացահատվել, հիշեցնում է Panorama.am-ը:
