Հարկ է ձեւավորել փաստահավաք խումբ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ով երեքշաբթի ավարտելով Հայաստան իր այցը առաջարկել է Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովից դուրս ստեղծել փաստահավաք խումբ, որը կզբաղվի փաստահավաք առաքելությամբ, իսկ բուն հանձնաժողովը այդ տեղեկությունների հիման վրա կտա քաղաքական գնահատական:

Ստեղծվելիք խմբում փորձագետներ պետք է ունենա նաեւ ընդդիմությունը:

«Այդ առումով նա առաջարկեց առանձնացնել փաստահավաք առաքելությունը քաղաքական քննարկումներից։ Կարծում եմ, այդ տարբերակը արժանի է դիտարկման: Հանրապետության նախագահն էլ նշեց, որ հետաքրքիր տարբերակ է, եւ առաջարկեց, որպեսզի շարունակվեն աշխատանքները` այդպիսի ֆորմատ որոնելու: Խնդիրը վերաբերում է ոչ թե նրան, թե հանձնաժողովը ի վիճակի չէ լուծել իր առջեւ դրված խնդիրը, այլ` հանրային ընկալմանը։ Ընդդիմության պահվածքի պատճառով այդ հանձնախումբը հանրային ընկալման առումով բավականին տուժեց», հայտարարել է Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այս առթիվ նկատել է, «Մենք պատրաստ ենք մասնակցել` եթե ապահովվի բալանսը, եթե ապահովվի հավասար ներկայությունը իշխանության ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ Համմարբերգի այն դիտողությունը, որ միջազգային էքսպերտներ նա չի կարող ուղարկել մինչեւ չլինի վստահելի ֆորմատ, շատ տրամաբանական մոտեցում է»։