ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչ են խոսել Համմարբերգը եւ Տեր–Պետրոսյանը
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ կայացած հանդիպման ժամանակ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին է ներկայացրել այն փաստաթուղթը, որով Հատուկ քննչական ծառայության ղեկավարը Վայոց Ձորի մարզի դատախազին հրահանգել էր հարցաքննել Տեր-Պետրոսյանի աջակից բոլոր ակտիվիստներին եւ նրանց հարազատներին:
«Պարոն Տեր-Պետրոսյանը, առաջին հերթին, ներկայացրեց վերջերս իր կողմից հրապարակված այն փաստաթուղթը, որով քննչական ծառայության պետը ապօրինի հանձնարարություն էր ուղարկել շրջանային դատախազներին, որի հիման վրա ամբողջ Հայաստանով մեկ ձեռնարկվեց ընդդիմության զանգվածային հալածանքների մի ամբողջ ալիք։ Այդ փաստաթուղթը շատ լուրջ ապացույց է նրա, որ առանց որեւէ ամոթի ու առանց օրենքի նկատմամբ որեւէ հարգանք ունենալու, մեր իշխանությունները սանձազերծել են ահաբեկումների մի ամբողջ կամպանիա ընդդիմության դեմ: Ուստի այս փաստաթուղթը ներկայացվեց եւ մեկնաբանվեց Տեր-Պետրոսյանի կողմից: Տեր-Պետրոսյանը Համմարբերգին է ներկայացրել նաեւ 82 քաղբանտարկյալների ցուցակ, ինչպես նաեւ մի տեղեկանք, որտեղ առանձին-առանձին նշվում է, թե ինչպիսի քաղաքական հետապնդումների եւ հալածանքների են ենթարկվում այդ անձինք», հանդիպումից հետո հայտարարել է Լեւոն տեր–Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մասին եւ Լեւոն Տեր–Պետրոսյանը ասել է, որ իր կարծիքով, «այդ հանձնաժողովը բացարձակ վարկաբեկված մարդկանցից կազմված հանձնաժողով է, այդ մարդկանց անաչառության որեւէ ապացույց բնության մեջ գոյություն չունի, իսկ հակառակի ապացույցները բավականին շատ են: Նման հանձնաժողովի աշխատանքին մասնակցելը ուղղակի անիմաստ գործ է»: Հանձնաժողովում ներգրավվելու հորդոր Համմարբերգի կողմից չի եղել. «Եվ չէր էլ կարող լինել, որովհետեւ որեւէ լուրջ մարդ չի կարող առաջարկել մեզ` մասնակցել զավեշտին», նկատել է Լեւոն Զուրաբյանը:
«Մենք հուսով ենք, որ պարոն Համմարբերգը նույնքան անաչառությամբ, նույնքան փութաջանությամբ կպատրաստի զեկուցագրերը ե’ւ Մարտի 1–ի քննության վերաբերյալ, ե’ւ քաղբանտարկյալների վերաբերյալ, ինչքան որ իր նախկին զեկույցում, որը վերաբերում էր մարտի 1-ի դեպքերին: Ես պետք է նշեմ գոհունակությամբ, որ Համմարբերգի նախկին զեկույցը բացառիկ էր այն առումով, որ այն բավականին անաչառ կերպով ներկայացրել էր մարտի 1-ի դեպքերը», հայտարարել է Լեւոն Զուրաբյանը։
