Դարձյալ Արման Բաբաջանյանի մասին

«Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովը» առաջիկայում քննարկելու է Ժամանակ Երեւան օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ –ի միջնորդությունը:

Այս առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ իրենց ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2007թ. մայիսի 17-ին լրացել է Արման Բաբաջանյանի պայմանական վազաժամկետ ազատման ժամկետը: Այդուհանդերձ, 2007թ. հուլիսին` Նուբարաշեն ՔԿՀ-ի եւ 2007թ. դեկտեմբերին Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի համապատասխան միջնորդությունները անկախ հանձնաժողովի կողմից մերժվել են:

«Նկատի ունենալով, որ Արման Բաբաջանյանը նախկինում դատապարտված չի եղել, նրա դեմ հարուցված չի եղել քաղաքացիական հայց, ինչպես նաեւ հաշվի առնելով խնդրի հասարակական նշանակությունը և վերջին շրջանում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները` Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը գտնում եմ նպատակահարմար», տեղեկացնում է օմբուդսմենի գրասենյակը։