ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչ-որ բան այն չէ
Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք: Ըստ ոստիկանության վկա Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել: Ըստ Գուլյանի հարազատնների, նրան ծեծել, խոշտանգել են ոստիկանները։
ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլյանի դին փորձաքննության են ենթարկել նաեւ արտասահմանից եկած փորձագետներ, ովքեր, խոստացել էին լրագրողներին հանդիպել փորձաքննությունից հետո՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Փորձագետները փորձաքննությունից հետո եկան ՄԻՊ գրասենյակ, սակայն խախտելով իրենց նախնական խոստումը հրաժարվեցին հանդիպել լրագրողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից հետաքրքրվեցինք. տեղի ունեցածի պատճառների մասին։ «Բացարձակապես ոչինչ չպատահեց: Իրենք խոստացել էին, չէին հանդիպել: Ես ի՞նչ կարող եմ անել: Փորձագետները որոշակի մոտեցումներ ունեին, բայց նշում են, որ նմանատիպ գործերի վերաբերյալ միանշանակ կարծիք հայտնելը մի քիչ դժվար է: Իսկ մեր դիրքորոշումը միանշանակ է: Մենք մնում ենք կասկածանքով, որ ինչ-որ բան այն չէ: Ասում են նա երկրորդ հարկից փորձել է փախնել: Մենք մտածում ենք, որ յուրաքանչյուր խոհեմ մարդ երկրորդ հարկից փախնելիս հասկանում է, որ կարող է եւ ջարդվել: Մարդը երկրորդ հարկից չի փախնում: Իսկ թե ինչու փորձագետները լրագրողներին չհանդիպեցին՝ հարցրեք իրենց», ասաց Արմեն Հարությունյանը:
