Միջադեպ Հյուսիսային պողոտայում

Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում: Արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը, զինված գազային ատրճանակով եւ ըստ ցուցարարների անսթափ վիճակում այցելել է իրենց։ Իրարանցում է սկսվել, նստացույցի մասնակիցների խնդրանքով ոստիկանները Սահակյանին բերման են ենթարկել:

Միջադեպի ականատես` Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատմել է, որ «Գտնվել եմ Հյուսիսային պողոտայում եւ անմիջապես ատրճանակը, որը քաղաքացին վերցրել էր Վահրամ Սահակյանի ձեռքից, ես այն վերցրել եմ քաղաքացուց եւ փոխանցել եմ ոստիկաններին, որոնք հերթապահում էին Հյուսիսային պողոտայում, ինչպես նաեւ նրանց եմ հանձնել Վահրամ Սահակյանին։ Ատրճանակը գազային էր, եւ Վահրամ Սահակյանը ուներ այն կրելու թույլտվություն: Ճիշտն ասած, չեմ կարող ասել թե ինչու էր բերել ատրճանակը: Վահրամ Սահակյանը գտնվում էր ոչ սթափ վիճակում, եւ թե ինչն էր նրան դրդել այդ քայլը կատարելու` չեմ կարող ասել։ Իմ այդ պահին եղած տեղեկությունով, նրան պետք է նարկոլոգիական դիսպանսեր ուղարկեին` իր վիճակը գնահատելու համար»: