ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սկսվեց Ջհանգիրյանի հայցի լսումը
Ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Լեւոն Տեր–Պետրոսյանի հրավիրված հանրահավաքում ելույթ ունենալուց հետո Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով ազատվեց Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից, հետընտրական շրջանում կալանավորվեց եւ այժմ անազատության մեջ է։
Գագիկ Ջհանգիրյանը հայցով դիմել է վարչական դատարան` անվավեր ճանաչելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը իրեն պաշտոնից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու մասին:
Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով, անցած փետրվարի 23-ին Հայաստանի նախագահը «Սահմանադրության եւ մի շարք օրենքների, ինչպես նաեւ եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներով է արձակել երկու հրամանագրերը»:
Համապատասխան միջնորդությունները նախագահին ներկայացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` հիմնավորելով, թե Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:
Ըստ Լուսինե Սահակյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանը Գագիկ Ջհանգիրյանի հայցին «Շատ զավեշտալի պատասխան է։ Ըստ էության, նրանց պատասխանից բխում է, որ նախագահը ունի միապետի լիազորություններ, եւ չպետք է ղեկավարվի որեւէ օրենքով եւ որեւէ կարգով»:
Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ ներկայացված պատասխանում, օրինակ, նշված է. «Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորության իրականացումը գլխավոր դատախազի տեղակալին նշանակելիս կամ ազատելիս պայմանավորված չէ օրենսդրական որեւէ ակտով նախատեսված որեւէ պայմանի կամ ընթացակարգային սահմանված կարգի պահպանմամբ... Նախագահը, ղեկավարվելով Սահմանադրությամբ, իրավունք ունի ցանկացած ժամանակ գլխավոր դատախազի առաջարկությամբ ազատել եւ նշանակել նրա տեղակալներին: Այս իրավունքը Հանրապետության նախագահի բացառիկ լիազորություններից է»:
Դատական նիստը հուլիսի 30-ին է։
