ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենը այցելել է Սյունիք
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հուլիսի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և նրա գլխավորած աշխատանքային խումբը, նախապես ծրագրավորված մարզային այցելությունների շրջանակներում, մեկնել են Սյունիքի մարզ` մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցելության ընթացքում Պաշտպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի, ինչպես նաև Գորիսի, Կապանի, Սիսյանի, Մեղրիի, Ագարակի քաղաքապետերի հետ:
Այցի ընթացքում աշխատանքային խումբն այցելել է նաև Գորիսի քրեակատարողական հիմնարկ, որտեղ ՔԿՀ-ի պետ Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ շրջել է ՔԿՀ-ում և հանդիպել մի շարք դատապարտյալների հետ: Գորիս ՔԿՀ-ի պետը ներկայացրեց նորոգված երկարաժամկետ և կարճաժամկետ տեսակցությունների սենյակները, որոնց բացակայության հետ կապված Պաշտպանը դեռևս 2007թ-ից, ինչպես իր տարեկան զեկույցներում, այնպես էլ պաշտոնական գրություններով բազմիցս դիմել էր արդարադատության նախարարին:
Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Կապանում գտնվող փախստականներով բնակեցված հանրակացարանին վերաբերող խնդիրները: Նշված խնդրի վերաբերյալ Պաշտպանի գործողությունների և ստացված արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։
