ՀՀ Վճռաբեկ դատարանը 10 տարեկան է

ՀՀ Վճռաբեկ դատարանի 10 ամյակի կապակցությամբ հրավիրված «Բարձրագույն դատական ատյանի դերը արդարադատության կայացման ճանապարհին» թեմայով կոնֆերանսի ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ասել է, որ 10 տարում Վճռաբեկ դատարանը մեծ աշխատանք է իրականացրել՝ դատական համակարգում նոր մոտեցումների ձևավորման և նոր սկզբունքների ամրագրման ուղղությամբ.

«Չնայած նման երիտասարդ տարիքին՝ Վճռաբեկ դատարանը մեծ աշխատանք է իրականացրել՝ դատական համակարգում նոր մոտեցումների ձևավորման և նոր սկզբունքների ամրագրման, ինչպես նաև ողջ հանրապետությունում դատական պրակտիկայի միասնականության ուղղությամբ։ 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների կարևորագույն փոփոխություններից էր Վճռաբեկ դատարանի կարգավիճակի փոփոխությունը, որը օրենքի կիրառման միասնականությունն ապահովելու գործառույթ է ստացել։ Սահմանադրական բարեփոխումներից հետո մշակված նոր օրենսդրությունը հիմքեր է ստեղծել՝ այդ կարևոր գործառույթի իրականացման համար», -հայտարարել է Հովհաննես Մանուկյանը։

Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքով, օրենքի միասնական կիրառման ապահովումը բավականին բարդ և պատասխանատու գործընթաց է, որի արդյունքները հնարավոր չէ ամփոփել 1-2 տարվա ընթացքում։ «Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին այս ուղղությամբ մեզ մեծ աշխատանք է սպասում։ Չեմ կարող պնդել, որ դատական համակարգը գտնվում է կատարյալ վիճակում։ Բավարար վիճակի կարելի է հասնել միայն զգալի աստիճանով բարձրացնելով դատական համակարգի նկատմամբ բնակչության վստահության մակարդակը։ Այս ուղղությամբ լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացվելու՝ սկսած օրենսդրական փոփոխություններից, որոնք դատավարությունն առավել արդյունավետ, մատչելի ու կարճ կդարձնեն և ավարտելով այնպիսի կազմակերպչական հարցերով, ինչպիսիք են դատական համակարգի գործունեությունն ու այդ գործունեության ֆինանսական հիմքերը, որոնց ապահվումը թույլ կտա երկրում ավելի անկախ դատարաններ ունենալ», տեղեկացրել է Հովհաննես Մանուկյանը։

Հանրապետության դատական համակարգի բարձրագույն ատյանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը, ձևավորվել և իր գործունեությունը սկսել է 1998 թ. հուլիսի 10-ին։ Այն բաղկացած է երկու պալատից՝ քրեական գործերի պալատ և քաղաքացիական ու վարչական գործերի պալատ։