ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էտապային հացադուլ չի հայտարարվել
Երեկ հայտարարություն տարածվեց, թե Հուլիսի 1-ից Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկի վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարում են էտապային հացադուլ` առաջին օրը հրաժարվելով հացից, երկրորդ օրը նաև ճաշից, եւ այդպես աստիճանաբար մինչև ամբողջական հացադուլ:
Իսկ այսօր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը հերքել է այս հայտարարությունը։ «Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հուլիսի 1-ից վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարել են էտապային հացադուլ: Իբր առաջին օրը հրաժարվում են հացից, երկրորդ օրը` նաև ճաշից, և այդպես աստիճանաբար մինչև ամբողջական հացադուլ:
Տեղեկացնում ենք, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որևէ դատապարտված կամ կալանավորված անձից, հուլիսի 1-ի դրությամբ, հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում չի ստացել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախօրեին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած թվով 6 դատապարտյալներ հուլիսի 1-ի առավոտյան դիմում են ներկայացրել հիմնարկի պետին, տեղեկացնելով, որ հրաժարվում են հացադուլից»:
