ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պարզաբանում է նախագահականը
Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ վերահաստատել է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ եթե Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, Երեւանը պատրաստ կլինի համատեղ հայ-թուրքական հանձնաժողով ստեղծել՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու համար:
«Թուրքիայի կողմից հնչեցվել է առաջարկ Ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու նպատակով փորձագետներից կազմված հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որեւէ ուսումնասիրության, անգամ` ակնհայտ փաստերի եւ լայնորեն ընդունված իրողությունների: Ուսումնասիրությունը չի նշանակում փաստերի իսկությունը կասկածի տակ առնել։ Սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանները բացելուց հետո միայն: Այլապես այն կարող է դառնալ առկա խնդիրները տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: 21-րդ դարում հարեւան պետությունների միջեւ չպետք է լինեն փակ սահմաններ, իսկ տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը»,¬ - «Ազգ» թերթին ասել է Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, եթե Թուրքիան բացի հայ–թուրքական սահմանը: Իսկ Հայաստանի որոշ քաղաքական ուժեր տարակուսանք են հայտնել Սերժ Սարգսյանի հայտարարության առթիվ` գտնելով, որ դա Հայաստանի եւ Սփյուռքի դիրքորոշման փոփոխություն է:
Հայաստանում եւ Սփյուռքում գործող հայազգի շատ պատմաբաններ հրաժարվում են մասնակցել Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներին` պնդելով, թե ցեղասպանության փաստը չի կարող վիճարկվել։
