ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համարում են արտոնված
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր հայտարարել է, որ հուլիսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքն ու երթն իրենք իրավունք ունեն անցկացնելու Երեւանի Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ` ինչպես իրազեկել են Երեւանի քաղաքապետարանին հղած իրենց իրազեկման մեջ:
Իրազեկումը Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել հուլիսի 23-ի առավոտյան ժամը 9:25, եւ 72 ժամվա ընթացքում քաղաքապետարանը պետք է արձագանքեր. «72 ժամը լրացել է, համապատասխան որոշումը չկա, ուրեմն հանրահավաքն արգելված չէ», նկատել է Լեւոն Զուրաբյանը։
Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի միջեւ քննարկում է եղել, քաղաքապետարանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Երեւանի հանրապետական մարզադաշտի մոտ՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունից տեղեկանք կա սպասվող անկարգությունների մասին, ինչին կազմակերպիչները չեն համաձայնել: Քննարկումը հետաձգվել է, սակայն ավելի ուշ, Լեւոն Զուրաբյանի պնդմամբ, քաղաքապետարանի ներկայացուցիչը հրաժարվել է այն շարունակելուց:
