Վարդավառը՝ ոչ աշխատանքային օր

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում որոշում կայացրեց առաջիկա երկուշաբթին՝ հունիսի 30-ը, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի առաջարկությամբ, հայտարարել ոչ աշխատանքային օր։ Երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ հունիսի 28-ը։Եկեղեցական տոնը ոչ աշխատանքային օր հայտարարելու որոշում ընդունվում է առաջին անգամ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այս առթիվ հայտարարել է, որ առաջիկա կիրակի հայ ժողովուրդը նշում է Վարդավառի տոնը (Քրիստոսի Պայծառակերպության տոնը), որի հաջորդ օրը, ազգային ավանդույթների համաձայն, մարդիկ այցելում են գերեզմանատներ և հարգանքի տուրք մատուցում հանգուցյալ ազգականներին։

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն առաջարկում է, որպեսզի այսուհետ Հայ առաքելական եկեղեցու բոլոր հինգ Տերունական տոների հետո հաջորդ օրը ոչ աշխատանքային լինի»,- նկատել է վարչապետը եւ հավելել, որ դրան օրենսդրության մակարդակով հասնել հնարավոր չէ, քանի որ եկեղեցական տոները շարժական գրաֆիկ ունեն, այդ պատճառով էլ կառավարությունը տարին հինգ անգամ նման որոշումներ կընդունի։ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Վարդավառը 4-5 հազար տարվա տոն է, հնագույնը, որ հաստատել է Նոյ նահապետը: Այդ օրը հայերը, որտեղ էլ որ բնակվեն, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերը, միմյանց վրա ջուր ցողելով՝ լողանում են գետերում և աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի: Մինչքրիստոնեական Հայաստանում «Վարդավառը» կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և նրա սիրով բոցավառված Վահագն աստծո հետ։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով՝ Աստղիկը սեր էր սերմանում ողջ հայ հողում, իսկ Վահագն աստվածը, հավերժ պայքարելով չարի դեմ, պահպանում և պաշտպանում էր այդ սերը։

Ժամանակակից Հայաստանում Վարդավառի օրը մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում, ինչը հոգևոր մաքրագործում է խորհրդանշում։