Արձագանքում են Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ եթե հայ–թուրքական սահմանը բացվի, ապա Հայաստանը կընդունի Թուրքիայի առաջարկը, հայերի ցեղասպանության հարցը քննարկող հայ–թուրքական հանձնաժողով ստեղծել։ Այս առիթվ հայտարարություն են տարածել Համաժողովրդական շարժման կենտրոնը եւ Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։

Համաժողովրդական շարժման կենտրոնը նկատում է .«Որպես «Սփյուռքին դուր եկող» հարց Հայոց ցեղասպանության խնդիրը տարբեր ամբիոններից հերոսաբար հնչեցնող, այն փառավորապես իր արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկած վարչախումբը հերթական հարվածը հասցրեց դրա միջազգային ճանաչման գործին: Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ արել է մի հայտարարություն, որով համաձայնություն է տալիս «պատմական փաստերի ուսումնասիրման» հարցով պատմաբանների մի հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի երկու տարի առաջ արած առաջարկին:

Տասնամյակներ շարունակ համայն հայությունը ու մասնավորապես սփյուռքահայությունը իր ողջ ներուժն ու ջանքերը նվիրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրին: Բազմաթիվ երկրների կառավարություններ արդեն իսկ ճանաչել են այն, որոշ տեղերում անգամ օրենքով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանությունը ուրացողների, ժխտողների համար: Թուրքիան, գործի դնելով իր դիվանագիտական ողջ կարողությունները եւ չկարողացավ զսպել պատմական անսակարկելի այս իրողության ճանաչման շարունակվող գործընթացը, երկու տարի առաջ հանդես եկավ այդ շրջանի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների հայ-թուրքական մի հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Սա ակնհայտ մի ծուղակ էր, որին համաձայնելը արդեն իսկ պետք է նշանակեր գեթ առայժմ կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը: Եւ այսօր Սերժ Սարգսյանը, առաջինը լինելով, պաշտոնապես համաձայնություն է տալիս Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող Թուրքիայի այդ առաջարկին: Դրանով իսկ Հայաստանի նախագահի պաշտոնը բռնազավթած անձը կամ հավաստում է, որ ողջ հայությանը հուզող այս հարցը իր համար պարզապես փոխարկելի մանրադրամ է, կամ մատնում է նախագահի պաշտոնին անհամատեղելի իր քաղաքական ու դիվանագիտական ողջ տգիտությունը:

Կողմնակիցը լինելով Հայ-թուքական հարաբերությունների կարգավորմանը արժանապատիվ գործընկերության սկզբունքների հիման վրա և առանց նախապամանների, մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի այս վտանգավոր հայտարարությունը, որին, համոզված ենք, իր վերաբերմունքը կարտահայտի ինչպես Հայաստանի ժողովուրդը, այնպես էլ ողջ սփյուռքահայությունը»:

Իսկ Ս. Դ. Հնչակյան կուսակցությունը հայտարարել է. «Խոր վրդովմունքով տեղեկացանք Մոսկվայում Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, թե իբր անհրաժեշտ է ստեղծել հայ-թուրքական «պատմական փաստերի ուսումնասիրման» հանձնաժողով: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը կամ կասկածի տակ է առնում Հայոց Մեծագույն Ողբերգության` Ցեղասպանության եղելությունը, կամ էլ անձամբ տեղյակ չէ այդ փաստերի մասին: Ի տարբերություն նրա, հայ ժողովուրդը Ցեղասպանության խնդրի մասին փաստեր հավաքելու կարիք չունի, որովհետև դժվար է գտնել մի հայ գերդաստան, ով անուղղակիորեն տուժած չլինի այդ արհավիրքից: Ցեղասպանությունը եղել է, և այն նախագահի կողմից քննարկման դնելն արդեն տեղափոխվում է բարոյական հարթություն: Ս. Դ. Հնչակյան կուսակցությունը դատապարտում է նմանօրինակ անպատասխանատու հայտարարությունները և կոչ է անում Սերժ Սարգսյանին նմանատիպ արտահայտություններ անելուց առաջ գոնե մի քիչ մտածել դրա վիրավորող և ազգակործան հետևանքների մասին»: