ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պարզել թե ով է կրակել
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը այսօր Ստրասբուրգում հրավիրած ասուլիսում, հայտարարել է, որ իր համար Հայաստանում ամենակարեւորը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունների հետաքննությունն է:
«Ես անհանգստացած եմ, որ դրան քիչ ուշադրություն է դարձվում: Շարունակում եմ հարցնել իմ հայ գործընկերներին՝ ի՞նչ է տեղի ունենում ոստիկանության հետաքննության հետ: Որոշ մարդիկ ասում են, թե ստեղծված հանձնաժողովը պատրաստվում է հետաքննել մարտի 1-ի իրադարձությունները: Բայց դա ոստիկանությանը չի ազատում այդ հետաքննությունից։ Պետք է պարզել, թե ո՞վ է պատասխանատու այդ սպանություների համար: Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, որ մի շարք մարդիկ են ձերբակալվել, մեղադրվել, բայց ես շարունակում եմ հարցնել, թե ի՞նչ տեղի ունեցավ այն մարդկանց հետ, ովքեր կատարել են այդ սպանությունները», - ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
Նա հայտարարել է նաեւ, որ անհանգստացած է նաեւ «մարտ 1-ին տեղի ունեցած վանդալիզմի դրսեւորումներով, բայց գլխավորը այդ սպանություններն են։ Անկարգությունների պատասխանատուներին բացահայտելը կարեւոր է, բայց առավել կարեւոր է պարզել, թե ով է կրակել»։
