Նոր թվեր գլխավոր դատախազությունից

«Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հունիսի 23-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 17 մեղադրյալ, եւս 11 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց», տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ըստ նույն աղբյուրի, Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 78 քրեական գործ՝ 88 անձի վերաբերյալ, եւս 12 քրեական գործ՝ 12 անձի վերաբերյալ՝ ապօրինի զենք եւ ռազմամթերք պահելու մեղադրանքով դատարան է ուղարկվել քննչական այլ մարմինների կողմից:

Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան ուղարկված գործերով 18 անձի մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու, 2 անձի՝ անկարգությունները կազմակերպելու եւ ձողեր բաժանելու, 4 անձի՝ ավտոմեքենաներ հրկիզելու եւ ջարդելու, 21 անձի՝ անկարգությունների ժամանակ խանութները կողոպտելու եւ թալանելու, 4 անձի՝ թմրամիջոցներ ձեռք բերելու եւ գործածելու համար, մյուսներին՝ ոստիկանությանը դիմադրելու կոչեր անելու, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, հետախուզվող անձին պարտակելու, ոստիկանին ամրակցված ատրճանակը հափշտակելու համար:

Նախաքննության փուլում առաջադրված մեղադրանքը, ընդհանուր առմամբ, ընդունել են 64 մեղադրյալ, որոնցից՝

• 7-ը՝ խոստովանել են, որ բռնություններ են կիրառել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող և իրենց օրինական լիազորություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, քարերով, փայտերով, մահակներով, այլ հարմարեցված առարկաներով հարվածներ հասցրել նրանց,

• 23-ը՝ խոստովանել են, որ անմիջականորեն մասնակցել են զանգվածային անկարգություններին, հրկիզել, ոչնչացրել ավտոմեքենաներ, տարածքներ, կոչեր արել բռնություններ կիրառել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ,

• 4-ը՝ խոստովանել են, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել և անց են կացրել զանգվածային միջոցառումներ,

• 14-ը՝ խոստովանել են, որ մասնակցել են զանգվածային անկարգությունների ընթացքում վնասված տարածքներում գտնվող խանութների գույքի հափշտակություններին,

• 4-ը՝ խոստովանել են, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված և անցկացված զանգվածային միջոցառումների ընթացքում ապօրինաբար թմրամիջոցներ են օգտագործել,

• 1-ը՝ խոստովանել է, որ պարտակել է զանգվածային անկարգությունների կազմակերպելու համար հետախուզվող մեղադրյալին,

• 1 –ը՝ խոստովանել է, որ ապօրինաբար պահել է զանգվածային անկարգությունների կազմակերպելու համար հետախուզվող մեղադրյալին պատկանող ռազմամթերքը,

• 5-ը՝ խոստովանել են, որ մասնակցել են զանգվածային անկարգություններին և այդ ընթացքում վնասելով խանութները հափշտակել դրանցում եղած գույքը,

• 1-ը՝ խոստովանել է, որ մասնակցել է զանգվածային անկարգություններին և այդ ընթացքում ապօրինաբար թմրամիջոցներ օգտագործել,

• 2-ը՝ խոստովանել են, որ մասնակցել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված և անցկացված զանգվածային միջոցառումներին և բռնություններ կիրառել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող և իրենց օրինական լիազորություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ,

• 1-ը՝ խոստովանել է, որ մասնակցել է զանգվածային անկարգություններին և այդ ընթացքում տիրացել ոստիկանության աշխատակցին կցված հաշվեցուցակային ատրճանակին,

• 1-ը՝ խոստովանել է, որ բռնություններ է կիրառել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող և իրենց օրինական լիազորություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ապօրինաբար օգտագործած թմրամիջոցի ազդեցության տակ:

Նախաքննության փուլում խոստովանական ցուցմունքներ տված մեղադրյալներից, հունիսի 23-ի դրությամբ, դատարանում հրաժարվել են 3-ը, 28-ը՝ խոստովանել են դատարանում, մյուսների վերաբերյալ գործերի քննությունն ընթացքի մեջ է:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից 22-ը նախկինում ունեցել են դատվածություն, նրանցից 11-ը՝ 1 անգամ, 4-ը՝ 2 անգամ, 5-ը՝ 3, 1-ը՝ 4, 1-ը՝ 5 անգամ։