ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՄԱ հայտարարությունը
«Ա1+Ի» գործով Եվրոպական դատարանի վճռի կապակցությամբ
հայտարարություն է տարածել Երեւանի Մամուլի ակումբը:
«2008 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ՙԱ1+՚ հեռուստաընկերության հիմնադիր ՙՄելտեքս՚ ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսիսյանի հայցի վերաբերյալ իր որոշումը: Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է հեռուստաընկերությանª տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
2002 թվականից բազմաթիվ մրցույթների մասնակցած ՙՄելտեքս՚ ՍՊԸ-ին (ՙԱ1+՚ հեռուստաընկերությանը) հեռարձակման լիցենզիա չտալն, այսպիսով, համարվել է Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտում: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում հանրապետության իրավասու մարմիններինª չսահամանափակվել Եվրոպական դատարանի որոշմամբ նախատեսված դրամական փոխհատուցումը վճարելով, այլ ՀՀ օրենսդրությանը համապատասխան անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել հեռուստաընկերությանն անհապաղ եթեր վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Միայն Հայաստանի շխանությունների կողմից ՙԱ1+՚-ի նկատմամբ թույլ տված անարդարությունն ընդունելն ու այն վերացնելու գործնական քայլերը կարող են վկայել ժողովրդավարական արժեքների եւ միջազգային իրավական նորմերի նկատմամբ մեր պետության հարգանքի մասին:
Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտորեն ապացուցեց հեռարձակմանն առնչվող ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչի մասին վերջին տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է Երեւանի մամուլի ակումբը: Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թվականի ապրիլի 17-ի 1609 բանաձեւի առաջարկությունները, երկրի լրագրողական հանրության պահանջները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ արդեն այս տարի պետք է հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման նոր մրցույթներ հայտարարվենª մենք Հայաստանի Ազգային ժողովին կոչ ենք անում անհապաղ սկսել ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների ու նորմատիվ ակտերի բարեփոխումները: Անհրաժեշտ է, որ առաջիկա ամիսների ընթացքում ձեւավորվեն հեռարձակման ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ նոր իրավական պայմաններն ու ընթացակարգերը:
Հայաստանում խոսքի ազատության համար պակաս կարեւոր չեն նաեւ օրենքների համարժեք կիրառումն ու իրականացումը: Այս կապակցությամբ մենք շարունակում ենք պնդել մեր պահանջըª միջոցներ ձեռնարկել այն անձանց ու կառույցների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ՀՀ նախագահի 2008 թվականի ընտրությունների նախաշեմին, դրանց ընթացքում եւ հետընտրական շրջանում օրենսդրության խախտումների համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 8-ի որոշման մեջ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի ապրիլի 25-ին տարածած արտահերթ զեկույցում, ԶԼՄ-ների բազմաթիվ հաղորդագրություններում ու հասարակական կամակերպությունների հայտարարություններում նման խախտումների շատ օրինակներ կան, սակայն դրանք բոլորն էլ անհետեւանք են մնացել:
Հուսով ենք, որ ՙԱ1+՚-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը սթափեցնող ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների վրա, կօգնի նրանց հասկանալու, որ հնարավոր չէ ապրել քաղաքակիրթ ընկերակցության մեջ եւ արհամարհել նրա նորմերը, սպառնալիքի տակ դնելով երկրի ու նրա ժողովրդի միջազգային վարկը:
