Երրորդ նախնականը՝ հուլիսի 17-ին

Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ ՀԿ «Ապօրինի ընտրություններ եւ քաղբանտարկյալներ» հանձնախումբը տեղեկացնում է, որ ՀՀ Վարչական դատարանում դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռ.Թորոսյանի հայցադիմումի քննարկումը «ՀՀ Նախագահի 2008թ. փետրվար 19-ի ընտրությունների արդյունքների ամփոփման սահմանված կարգի խախտման ԿԸՀ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին»:

Ըստ հանձնախմբի ,«այսօր, սույն գործով նախնական երկրորդ դատական նիստում որոշում ընդունվեց նորից անցկացնել նախնական դատական նիստ, այսինքն, արդեն` երրորդը, քանի որ ԿԸՀ ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստի և դատարանին չէր ներկայացրել, վերջինիս կողմից պահանջվող ապացույցը»:

Իսկ խնդիրը հետեւյալն է. «ԿԸՀ-ը, կոպտորեն խախտելով Ընտրական օրենսգրքի պահանջները, 24.02.08թ. իր նիստում Ընտությունների արդյունքներն ամփոփել էր հաշվի չառնելով ՀՀ Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց մոտ 80 դիմում-բողոքները, ինչպես նաև ՀՀ Վարչական դատարանում գտնվող նրանց հայցադիմումները:

Նշենք, որ այս մասին, մասնակիորեն, արձանագրված է և’ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևում և’ ԵԱՀԿ վերջնական զեկույցում:

Ռ.Թորոսյանը, դեռևս մարտի 4-ին, ԿԸՀ օրենքին հակասող այս գործողությունը բողոքարկել է Վարչական դատարան, որն, օրենքով սահմանված 15 օրյա ժամկետում համապատասխան հայցադիմումը քննելու փոխարեն, առ այսօր շարունակում է հետաձգել այդ քննությունը:

ՀՀ Սահմանադրական դատարանը և Դատարանների նախագահների խորհուրդը հրաժարվում են ստեղծված իրավիճակին տալ գնահատական, այդ թվում, թե ի՞նչ է տեղի ունենալու եթե ՀՀ Վարչական դատարանը բավարարի հիշյալ հայցադիմումը:

ԿԸՀ-ն, իր հերթին չի կարողանում համապատասխան ապացույցներ ներկայացնել այն մասին, թե ինչպես է կատարել Ընտրական օրենսգրքի 63.2-րդ և 83-րդ հոդվածների պահանջները վիճարկվող որոշման ընդունման համար:

Ավելին, ԿԸՀ-ը հրաժարվել է դատարանին ներկայացնել վերջինիս հիմք հանդիսացող համապատասխան հաղորդումը, որը 24.02.08թ. նիստին ներկայացրել է ԿԸՀ քարտուղարը:

Սակայն, այսօր դատարանը նորից որոշում է ընդունել` պարտավորեցնել ԿԸՀ-ին դատարանին ներկայացնել այդ հաղորդումը հուլիսի 17-ին նշանակված նախնական երրորդ դատական նիստին»: