Հանձնաժողովը ստեղծվեց

Այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի առաջին նիստում Հայաստանի Ազգային ժողովը ստեղծեց մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: «Ժառանգություն» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել, քանզի իրենց սկզբունքային առաջարկները չեն ընդունվել:

Հանձնաժողովի կազմում կներառվի երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից եւ մեկ անկախ պատգամավոր: Անկախ պատգամավոր է ընտրվել Լյովա Խաչատրյանը, ով ինչպես հայտնի է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մերձավոր շրջապատից է:

Երեք օրվա ընթացքում նորաստեղծ հանձնաժողովը պետք է նիստ հրավիրի եւ դիմի արտախորհրդարանական ուժերին եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` հանձնաժողովում ներկայացուցիչներ ընդգրկելու առաջարկով։