ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում»
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ կալանավոր Գագիկ Ջհանգիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը իրենց պաշտպանյալի առաջադրված մեղադրանքը փոխելու վերաբերյալ հայտարարություն են տարածել։
Գագիկ Ջհանգիրյանին դեռևս 2008թ. փետրվարի 27-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով` իբր ապօրինի կերպով զենք պահելու և ոստիկանության աշխատակցի նկատմամաբ բռնություն գործադրելու համար:
2008թ. հունիսի 13-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանը որոշում է կայացրել փոփոխելու Գագիկ Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքը: Ըստ որոշման Գագիկ Ջհանգիրյանի մեղադրանքի ծավալից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը: Այսինքն նախաքննություն իրականացնող մարմինը միայն 4 ամիս անց որոշեց ընդունել այն փաստը, որ Գագիկ Ջհանգիրյանի մոտ 23.02.2008թ. գտնվող ատրճանակը օրինական է: Սա այն դեպքում, երբ նախաքննության առաջին իսկ օրվանից այդ ատրճանակի օրինական լինելու հանգամանքը հիմնավորող բոլոր փաստաթղթերը տրամադրված են եղել նախաքննությունն իրականացնող մարմնին:
Սակայն, նույն որոշմամբ, Գագիկ Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով: Ըստ որոշման Գագիկ Ջհանգիրյանը իբր «2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի պարտություն կրելուց հետո ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի և Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող մի շարք այլ անձանց հետ ծրագրավորել, կազմակերպել և իրականացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն, այսինքն` պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ:
Մասնավորապես, օգտագործելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի իր պաշտոնի հեղինակությունը, անմիջականորեն մասնակցել է նախընտրական գործընթացն ու ընտրությունների ընթացքը վարկաբեկելուն, միջազգային հանրության առաջ դրանց օրինականությունը կասկածի տակ դնելուն, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելուն, հասարակական դժգոհության և ընդվզումների պատրանք ստեղծելուն, դրանով իսկ երկրի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելուն ուղղված լայնածավալ հրապարակային միջոցառումների օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև օրինական իշխանություն իրականացնող անձանց մեկուսացնելուն, պաշտոնանկ անելու, նրանց փոխարեն իշխանություն իրականացնելուն ուղղված գործողություններ է ծրագրավորել ու կատարել, հրապարակավ հանդես եկել սադրիչ բնույթի պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված ելույթներով ու կոչերով»:
Գագիկ Ջհանգիրյանը սույն որոշումը գնահատել է որպես անհեթեթ և ծիծաղելի, հայտարարել, որ իր գործողություններում չկան ինչպես ՀՀ քր.օր-ի 300 հոդվածով, այնպես էլ քր.օր-ի որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` այդ մասին համապատասխան նշում կատարելով որոշման մեջ:
Վարույթն իրականացնող մարմինը սույն որոշմամբ վերահաստատեց այն փաստը, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում 2008թ. փետրվարի 22-ին տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալու համար:
Գագիկ Ջհանգիրյանի պաշտպաններ Լուսինե Սահակյան, Երվանդ Վարոսյան
Իսկ Երեւանի քրեական դատարանն այսօր հաշվի առնելով առողջական վիճակը փոխել է Գագիկ Ջհանգիրյանի եղբայր՝ Վարդան Ջհանգիրյանի խափանման միջոցը, կալանքը փոխարիներով քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Վարդան Ջհանգիրյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
