Ոստիկանության փորձում է պարզաբանել

ՀՀ Ոստիկանապետի փոփոխման շուրջ լուրերին ի պատասխան հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

«Վերջին շրջանում լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ որոշ դժգոհությունների առիթ է տվել:
Փաստորեն, ապատեղեկատվություն տարածելով` փորձ է արվում կասկածամտության մթնոլորտ ստեղծել ոստիկանությունում եւ հասարակության մեջ անվստահություն սերմանել կառույցի հանդեպ:
Սա ոչ միայն անհարիր է բարեխիղճ լրատվության սկզբունքին, այլեւ խոչընդոտում է իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացման մեր ջանքերին, ուստի լրատվության միջոցների պատասխանատուներին կրկին կոչ ենք անում զերծ մնալ չփաստարկված, առավել եւս` միտումնավոր տեղեկատվության տարածումից:

Ոստիկանությունն այսօր առավել քան երբեւէ պատրաստ է ազնիվ եւ անկեղծ համագործակցության, կառուցողական բանավեճի, համակողմանի լրատվության:

Եկեք աշխատենք փոխվստահության եւ փոխգործակցության սկզբունքներով, ինչը թույլ կտա հրապարակել միայն ստույգ ու ճշգրիտ լրատվություն` հարգելով հասարակության իսկապե՛ս իրազեկված լինելու իրավունքը»: