ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը առաջարկում է Թաթարստանի մոդելը
Մինչ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին երկուշաբթի ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չորեքշաբթի ասել է, որ «Ադրբեջանի կողմից փոխզիջումը հակամարտության խաղաղ կարգավորումն է»։ Ըստ նրա, չնայած Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշումը առանձնապես չի տարբերվում նախկին ղեկավարների դիրքորոշումից, որոշ նրբություններ կան։
«Իհարկե, մենք աշխատում ենք մադրիդյան առաջարկների վրա: Սակայն այդ առաջարկներում կան մի շարք չհամաձայնեցված պահեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն: Պահեր կան, որոնք համանախագահները պետք է քննարկեն Հայաստանի հետ, եւ մենք սպասում ենք` կհամաձայնեցվի՞ արդյոք նրանց դիրքորոշումը: Դա ժամանակ է պահանջում։ Մենք պատրաստ ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երբ կարգավիճակի հարցը հասնի լուրջ երկխոսության մակարդակին` քննարկումը կկայանա, սակայն մենք կողմնակից ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս տեսանկյունից, մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները: Հայկական կողմին մենք բազմիցս առաջարկել ենք աշխատել աշխարհում գոյություն ունեցող բոլոր ինքնավարությունների մոդելների վրա` վերցնենք թեկուզ Թաթարստանի մոդելը։ Հակամարտության կարգավորման համար Հայաստանը, առաջին հերթին, պետք է զորքերը դուրս բերի Ղարաբաղից, փախստականները պետք է վերադառնան, պետք է կայունություն հաստատվի, տնտեսական զարգացում լինի, վերականգնվեն հաղորդակցության ուղիները։ Միայն սրանից հետո է հնարավոր քննարկել կարգավիճակի հարցը: Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ կցանկանայի, որ գրավյալ տարածքները եւ Լեռնային Ղարաբաղը իրենց բաժինը ստանային Ադրբեջանի տնտեսական զարգացումից: Որպես Ադրբեջանի քաղաքացիներ` այնտեղ ապրող հայերը եւս կարող են օգտվել երկրի տնտեսական զարգացման պտուղներից», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
