Կհամապատասխանենք ՆԱՏՕ–ի չափանիշներին

«Զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, ուսումնասիրությունների, փորձի փոխանակումից հետո, բրիգադային գումարտակն ամբողջությամբ կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս չափանիշներին այսօր համապատասխանում է միայն բրիգադային գումարտակի հանդերձանքը:

Նախարարը նշեց, որ այս տարի իրականացնելու են երկրորդ հրաձգային գումարտակի ձևավորումը, որն ավարտին հասցնելուց հետո համապատասխան հիմքեր են ստեղծվելու հաջորդ տարի մյուս ստորաբաժանումների ձևավորման համար:

«Սահմանամերձ բնակավայրերի բնակչության նկատմամբ պետք է համապատասխան ուշադրություն ձևավորենք»,-ընդգծել է նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանում անմիջապես սահմանի հետ առնչվող 26 բնակավայր կա. 21-ը Տավուշի մարզում, 5-ը` Եղեգնաձորում։

Խոսելով հայ գերիների մասին նախարարը ասել է. «Մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, քանի որ ի վերջո վերադառնալու են իրենց հայրենիք։ Զինված ուժերի զինծառայողները անհեթեթ են համարում ադրբեջանական այն հայտարարությունները, թե իբր չորս հայ գերիները դիվերսանտներ են»:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին հանդիպելու ժամանակ անհանգստություն է արտահայտել հայ գերիների հետագա ճակատագրի համար: Վերջինս նույնպես արտահայտել է մեծ անհանգստություն այդ հարցի շուրջ:

Այդ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարարը հյուրի ուշադրությունն էր հրավիրել ներկայումս հինգ հայերի (չորս քաղաքացիական անձ և մեկ ժամկետային զինծառայող)` ադրբեջանական կողմում գտնվելու, նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի և կտտանքների ենթարկելու փաստին, ինչը դժվարացնում է մեր դիրքորոշման որոշակիացումը ԱՀ քաղաքացու հայրենադարձման հարցում` հայցելով Ջ. Ռեյնոլդսի աջակցությունը` նախ մեր հայրենակիցների հանդեպ կտտանքները դադարեցնելու և, ապա, նրանց` Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացու հետ փոխանակելու հարցում:

Նախարարի խոսքով, հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի դրսևորումներին։