Դեռ էլի կհանդիպեն

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովսկի» պալատում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին հանդիպումը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, այս առթիվ հայտարարել է, որ հանդիպման հիմնական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ դրանք շարունակել համանախագահների` անցած տարվա վերջին Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա:

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումից միջնորդների ակնկալիքների մասին Մեթյու Բրայզան ասել է. «Ակնկալիքները կատարվեցին: Ես նկատի ունեմ, որ մենք սպասում էինք, որ հանդիպումը ճանաչողական կլինի` այդպիսին եղավ: Տրամադրությունները դրական են, կառուցողական: Նախագահները հենց նոր մեզ ասացին, որ որոշել են շարունակել բանակցային գործընթացը` շարունակել Մինսկի խմբի շրջանակներում եւ մեր կողմից Մադրիդում ներկայացված առաջարկությունների շրջանակներում: Մենք լսել ենք երկու կողմերի ցանկությունները, որովհետեւ գիտենք, որ Մադրիդում արված մեր առաջարկությունները միայն առաջարկություններ էին, դա չի նշանակում, թե կողմերը լիովին համաձայն էին դրանց։ Պետք է բարելավել այդ առաջարկությունները, միջնորդները պատրաստ են շարունակել աշխատանքը եւ, կարծում եմ, նախագահները նույնպես»: