Ամեն բան հնարավոր է

Անցած շաբաթ Հայաստանի հետընտրական զարգացումների եւ մարդու իրավունքների վերաբերյալ բացասական գնահատականներով համեմված զեկույցներ տարածեցին երեք հեղինակավոր կազմակերպություն. Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ԱՄՆ պետդեպարտամենտը եւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Այս առթիվ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը այսօր լրագրողներին աել է, որ միջազգային փորձագետները նախ նշել են, որ այս ընտրությունները նախորդի համեմատ առաջընթաց էին եւ ապա ներկայացրել բացեր եւ թերություններ: ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով, մենք պետք է թերությունները վերացնենք, ոչ թե նրա համար, որ ինչ-որ կառույց նման զեկույց է հրապարակել, այլ մեզ համար: «Մենք դուրս ենք եկել ԱՊՀ տարածքից եւ չենք կարող անցկացնել իդեալական ընտրություններ», հայտարարել է Էդուարդ Նալբանդյանը: Ըստ նրա, ԵԽԽՎ առաջարկները քննարկելու հանձնաժողովը չի ստեղծվել նրա համար, որ ասենք «պահեք ձեզ այդ առաջարկները, մենք ինքերս գիտենք ինչ անել: Այդպես չէ: Մենք ուսումնասիրել ենք այդ առաջարկները եւ շատ լուրջ քայլեր են արվել, լուրջ փոփոխություններ են ձեռնարկված: Հուսով եմ որ աշնանը արդեն կընդունվեն: Բարեփոխումները մեր երկրի զարգացման շահերից են»:

Պահատական էր արդյոք երեք հեղինակավոր կառույցների միաժամանակյա եւ համանման զեկույցների հրապարակումը, հարցեցինք ՀՀ ԱԳ նախարարին: Էդուրարդ Նալբանդյանը ոչ հերքեց ոչ հաստատեց նման պատահականության հավանականությունը: «Աշխարհում ամեն բան էլ կարող է պատահել: Մենք պետք է լուրջ մոտենանք մեր բոլոր խնդիրներին: Զեկույցներում կարող են լինել լուրջ դիտարկումներ, կամ հարցեր, որ սուր ձեւով են ներկայացված եւ արժանանում են մեր ուշադրությանը: Բայց առաջին հերթին այդ հարցերը մեր երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին մեր խնդիրն են եւ մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկելու որ իսկապես ժողովուրդը զգա, որ մարդու իրավունքները պաշտպանված են»: Էդուարդ Նալբանդյանը վստահ է, որ երբ նման զեկույցներում ասվում է պետք է քաղաքական կամք դրսեւորել, նկատի է առնվում բոլոր ուժերի կողմից՝ այդ թվում եւ՝ անհատների: «Մարտի մեկը շատ ցավալի իրադարձություններ էին, բայց մենք բոլորս միասին պետք է այնպես անենք, որ այդ իրադարձությունները որեւէ անդրադարձ չունենան, թե Ղարաբաղի գործընթացի վրա, թե երկրի զարգացման, կայունության եւ անվտանգության վրա, կարողանանք շրջել այդ էջը», ամփոփել է Էդուարդ Նալբանդյանը: