ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բռնություն Արսեն Խառատյանի նկատմամբ
Մայիսի 28-ին 13.00-14։00 հատվածում անհայտ անձինք հարձակվել են «Սկսելա» երիտասարդական շարժման անդամ Արսեն Խառատյանի վրա, ծեծել ինչի արդյունքում Արսեն Խառատյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Արսեն Խառատյանի գլխին երկու տեղ կար է դրվել, կոտրված է քիթը։
Արսենի խոսքերով, իրեն զանգահարել է ինչ–որ մեկը ներկայացել լրագրող եւ հարցազրույցի համար հանդիպում խնդրել։ Պայմանավորվել են հանդիպել Վերնիսաժում՝ ՀՀ ֆինանսների նախարարության մատույցներում գտնվող սրճարանի մոտ։
«Նալբանդյան-Ալավերդյան խաչմերուկում հետեւիցս իմ վրա հարձակվեցին եւ հարվածեցին գլխիս: Ես նրանց դեմքերը չտեսա, քանի որ գետնին էի ընկած, իսկ նրանք շարունակում էին հարվածել», պատմում է Արսենը։
Արսենին օգնել են փողոցի անցորդները, սրճարանի աշխատողները եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխել Նոր Նորքի հիվանդանոց: Թեեւ Արսենը չի տեսել իր վրա հարձակվողներին, սակայն համոզված է, որ տեղի ունեցածը պատահականություն չէ եւ իր վրա հարձակվողները գիտեին իր ով լինելը:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ: Քննիչներն արդեն այցելել են տուժածին։
