Ուղերձներ, ուղերձներ, ուղերձներ

Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն

Վարչապետը ասել է.

«Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 90-րդ տարեդարձի առթիվ: 1918թ. մայիսի 28-ին` շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո, Հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունք էր այն փառավոր հերոսամարտերի, որ հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում: Մենք երբեք չպետք է մոռանանք Մայիսյան հաղթանակները, որ ձեռք բերվեցին ազգային միասնության, բացառիկ համախմբվածության ու միակամության շնորհիվ` հետագայում հիմք դառնալով նաեւ մեր ժողովրդի ազատատենչ ոգու նոր դրսեւորումների, արցախյան ազատամարտում պատմական նոր սխրանքների համար: Ռազմի դաշտում տարած հաղթանակները`զորացնելով մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, կամք եւ վճռականություն են հաղորդում մեզ` պահպանելու եւ զարգացնելու սերունդների համատեղ պայքարով ձեռք բերածը, հզորացնելու մեր անկախ պետականությունը` արդի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու, մեր ժողովրդի առավել բարեկեցիկ վաղվա օրը կերտելու համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի` Հանրապետության օրվա առթիվ եւ մաղթում առողջություն, խաղաղ երկինք ու ամուր հավատ` մեր ժողովրդի եւ Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ»:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան. «Սիրելի հայրենակիցներ

90 տարի առաջ մեր ժողովուրդը, դեռ ամբողջովին չթոթափած ցեղասպանության դաժան ապրումները, գերագույն լարումով կարողացավ համախմբել իր ջլատված ուժերն ու հաղթել Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Ապարանի գոյամարտերում` շնորհիվ ազատատենչ ոգու, պետականության վերականգնումի անկոտրում կամքի: Հայաստանի առաջին Հանրապետությունը, թեեւ ընդամենը երեք տարվա կյանք ունեցավ, սակայն մեր ժողովրդին տվեց այն հզոր հոգեւոր լիցքը, որի շնորհիվ 20-րդ դարավերջին ոչ միայն կրկին վերականգնվեց մեր պետականությունը, այլեւ ազատագրվեց Արցախը:

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առիթով` վստահ, որ այլեւս անշրջելի են մեր ձեռքբերումները, եւ ժողովրդավարության ու բարեփոխումների ճանապարհն այլընտրանք չունեցող այն ուղին է, որ մեզ տանելու է դեպի մեր նախնիների երազած հայրենիքը»:

Գարեգին Բ. «Հայոց պետականության վերականգնումը 1918թ. մայիսյան հերոսամարտերի օրերին իրադարձություն էր մեր ժողովրդի համար, փրկված Հայրենիք, որին դժվարին ժամանակում ազգս հայոց նվիրաբերեց իր բոլոր ուժերը, սկզբնավորելով իր ազգային-պետական կյանքը: Այդ օրերի հիշատակներն ու ձեռքբերումները ոգեշնչում եւ քաջալերում են մեզ մեր հայրենանվիրումի, մեր եկեղեցասիրության մեջ` որդիական նույն սիրով ծառայելու մեր Հայրենիքին, մեր ժողովրդի լուսավոր գալիքին»:

Մայիսի 28-ի կեսօրի դրությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ չէր հղել: