ՊՊԾ պետը ազատվել է աշխատանքից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Գրիգորի
Սարկիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին,
հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Իսկ

Գրիգորի Սարկիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ օրերս աշխատանքից
ազատվելու դիմում է ներկայացրել` «այլ աշխատանքի հետ կապված», միաժամանակ
դժվարանալով ասել, թե ո՞րն է լինելու այդ նոր աշխատանքը` «Դիմումս գրել եմ, բայց
դեռ տեղյակ չեմ»: Նա չհամաձայնեց այն մտքին, որ իր կողմից նման ձեւով դիմում գրելը
անսպասելի էր. - «Բայց ինչո՞ւ է անսպասելի: Ես տասը տարուց ավելի է ծառայության պետ
եմ»:

Ոստիկանության պետի պաշտոնում իր հնարավոր նշանակման առնչությամբ Սարկիսյանը ասաց.
- «Այ, դա չեմ իմանում, չէ երեւի»:

Որեւէ պաշտոնի չնշանակվելու դեպքում նա պատրաստվում է հանգստանալ, սակայն, ամեն
դեպքում, մնալու է Հայաստանում:

Գրիգորի Սարկիսյանը տեղյակ չէ, թե ո՞վ կարող է լինել Պետական պահպանության
ծառայության նոր պետը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին առնչվող հարցին ի պատասխան`
Սարկիսյանը դրանք բնորոշեց որպես «շատ լավ»:

«Իսկ ինչո՞ւ եք հրաժարվել ձեր պաշտոնից», - այս հարցին նա արձագանքեց. - «Ոչ թե
հրաժարվել, ես չեմ հրաժարվել պաշտոնից: Երեւի այլ գործի տեղափոխվելու հետ կապված»:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ իր նշանակվելու հնարավորության
կապակցությամբ Սարկիսյանը հայտարարեց. - «Ես միշտ կամ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
թիկնազորի պետ: Որպես զինվոր` ես նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի
զինվորն եմ, պետք է կանգնեմ իրենց կողքին մշտական»:

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` մարտի 1-ին ցուցարարների դեմ խիստ միջոցներ
կիրառելու հրամանը տվել է Գրիգորի Սարկիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա կտրականապես հերքեց իր
հրաժարականի կապը մարտի 1-ի իրադարձությունների հետ: «Ոչ, նախագահի ուզելով է եղել
[հրաժարականը]», - ասաց Սարկիսյանը: