Քամին շատ վնասներ է հասցրել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության
հասարակայնության հետ կապի վարչությունը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել
նախօրեին տեղի ունեցած պատահարների կապակացությամբ:

Փլուզում

Մայիսի 26-ին, ժամը 10.50-ին Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող «Բեռնար
գորգագործական ֆաբրիկա» ՓԲԸ-ի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է
ֆաբրիկայի նախկին վարչական երկհարկանի շենքի (1936թ. կառուցված) մի մասը:

Ժամը 10.56-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ շենքի փլուզման հետեւանքով վթարային է դարձել հարեւան
մասնաշենքի բնակելի մասը:

Փրկարարների կողմից կազմակերպվել է հոսանքի եւ գազամատակարարման դադարեցումը,
անվտանգության ժապավենով սահմանափակվել է վտանգավոր տարածքը: Զոհեր եւ վիրավորներ
չկան:

Գայլերի հարձակում

Մայիսի 26-ին Լոռու մարզի Ֆիոլետովոյի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ
մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը գայլերի ոհմակը հարձակվել է գյուղապետարանին
պատկանող անասնագոմի վրա եւ խեղդել 32 ոչխար:

Ուժեղ քամիներ

- Երեւան

Մայիսի 26-ին ժամը 18.15-ից մինչեւ 20.30-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են
ստացվել, որ` ժամը 18.00-ի սահմաններում մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով վնասվել
են` Հակոբյան 41, Շերամի 47, Զորավար Անդրանիկի 117/1, Հարավ-արեւմտյան Բ-2
թաղամասի 132 եւ Կիեւյան 2 հասցեներում տեղակայված շենքերի, ինչպես նաեւ Զորավար
Անդրանիկ 10/2 եւ 143/1 հասցեներում գտնվող թիվ 162 եւ 11 միջնակարգ դպրոցների
տանիքները, իսկ Օհանովի 60 եւ 62, Շահումյան 16-րդ փողոցի 36, Ջուղայի 2/2, Առնո
Բաբաջանյան 103/3 հասցեների բակային տարածքներում շրջվել են ծառեր: Ծառերի շրջվելու
հետեւանքով Լուչեւայա փողոցում գտնվող «Ֆլեշ»
բենզալցակայանի հարեւանությամբ եւ Շահումյան 5-րդ փողոցում վնասվել են գազատար
խողովակներ, Ծովակալ Իսակովի պողոտայում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի
հարեւանությամբ կայանած «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա:

Ուժեղ քամու հետեւանքով տանիքի փլուզման վտանգի մասին ահազանգ է ստացվել Մոնթե
Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցից: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով, քշված եւ
վնասված տանիքի տարրերից մաքրվել է մոտ 1200 քմ մակերեսով հատված:

- Արագածոտնի
մարզ

Աշնակի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ժամը17.00-ի
սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղի թվով 20
բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներ, շրջվել են բազմաթիվ պտղատու
ծառեր:

- Կոտայքի մարզ

Նույն օրը ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամին պոկել-գցել է Քասախ
գյուղի Մուշ թաղամասի թիվ 10 տան` 150 քմ մակերեսով տանիքը:

Զոհեր եւ վիրավորներ չկան:

- Գեղարքունիքի մարզ

Նույն օրը Կախակնի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ի
սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքով վնասվել են բազմաթիվ բնակելի
տների տանիքներ:

- Արմավիրի մարզ

Տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում գրանցված ուժեղ
քամին փլուզել է Սարդարապատի հուշահամալիրում անցկացվելիք տոնախմբության համար
պատրաստված բեմահարթակը, ինչի հետեւանքով պարային խմբի` հարթակի վրա գտնվող
անդամներ` Ջուլիետա Բաբայանը (ծնվ. 1994 թ.), Լիլիթ Մարկոսյանը (ծնվ. 1994 թ.),
Հայկուհի Աղաջանյանը (ծնվ. 1994 թ.), Լուսինե Հակոբյանը (ծնվ. 1994 թ.), Հասմիկ
Խամբերյանը (ծնվ. 1993 թ.) եւ Արտակ Կիրակոսյանը (ծնվ. 1977 թ.) տարբեր աստիճանի
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց, որտեղից Ա.
Կիրակոսյանին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` մյուս տուժածների առողջական վիճակը բավարար է:

Կարկուտ

- Արագածոտնի մարզ

Մայիսի 26-ին Դաշտադեմի եւ Ակունքի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ
ժամը17.00-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասել է գյուղերի 14 հա պտղատու
այգիները, 40 հա արվույտի եւ 1 հա գարնանացան հացահատիկի ցանքատարածքները:

Ժամը 18.00-ից մինչեւ 18.15-ը տեղացած կարկտից վնասվել են Լուսագյուղի եւ Նիգավանի
գյուղերի ցանքատարածքները:

ժամը 19.20-ի սահմաններում Շղարշիկ, Եղնիկ, Իրինդ, Դավթաշեն, Գառնահովիտ, Զովասար,
Կաթնաղբյուր, Վերին եւ Ներքին Սասունաշեն գյուղական համայնքներում տեղացած ուժեղ
կարկուտի պատճառած վնասի չափերը ճշտվում են:

- Լոռու մարզ

Մայիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում Լերմոնտով գյուղում տեղացած կարկուտը
վնասել է կաղամբի սածիլները` 5 հա մակերեսով:

Ավտոպատահար

Մայիսի 26-ին, ժամը 17.43-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է
ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում
«ՎԱԶ-21015» մակնիշի 01 ՍՏ 015 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի
մասից եւ գլորվել ձորը:

Պատահարի հետեւանքով ուղեւոր, 1960 թ. ծնված Նորա Սարուխանյանը, տեղում զոհվել է,
իսկ վարորդը` 1982 թ. ծնված Աշոտ Իսրայելյանը եւ մյուս ուղեւորը` 1929 թ. ծնված
Գրետա Աղաջանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները զոհվածի դին եւ տուժածներին դուրս են բերել
ավտոմեքենայից եւ տեղափոխել Կապանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Օձը խայթոց

Մայիսի 26-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.27-ին
գյուրզա տեսակի օձի խայթոցով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1971 թ.
ծնված Կարեն Աբրահամյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

Հրդեհներ

Մայիսի 26-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի
Քաջազնունու փողոցի թիվ 4 շենքի բակում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության
օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 12.30-ին:

Այրվել են Մ. Աբգարյանին պատկանող ավտոտնակում պահեստավորած 10 եւ 20 կիլոգրամանոց
գազի բալոնները, 20 լիտրանոց վառելիքի երկու տարա, 4 անվադող եւ 30 քմ մակերեսով
տնտեսական իրեր:

***

Մայիսի 26-ին, ժամը 22.30-ին հրդեհ է բռնկվել Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 14-րդ
կիլոմետրում: Աշտարակից դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը
մեկուսացվել է ժ.23.00-ին, մարվել` ժ.23.40-ին:

Այրվել է ձութ եւ աղբ` 100 քմ մակերեսով: