ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենի զեկույցը միակողմանի է՞
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա.Հարությունյանի արտահերթ զեկույցին անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի պետ Հ.Ստեփանյանը 15 էջանոց առարկություն է ներկայացրել, որի նախաբանում գրել է «Մենք պատրաստ ենք առաջադրված հարցերի շուրջ Ձեզ հետ միասին իրականացնել քննարկումներ թե° իրավաբան-գիտնականների, թե° պրակտիկ-իրավաբանների, ինչպես նաեւ Ձեր ցանկությամբ ներգրավված միջազգային կամ եվրոպական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Բերենք որոշ մեջբերումներ դատախազության ծալավուն առարկությունից:
«Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է իրավիճակը բացառապես մեկնաբանել ընդդիմադիրների «հնարամտությամբ», անտեսելով, որ ըստ արդեն իսկ ավարտված քրեական գործերի դատաքննության արդյունքների, վերջիններիս «հնարամտությունը» լուրջ աղերսներ ունի քրեական պատասխանատվության հետ, որ զանգվածներին հրապուրել են ոչ միայն հնարամիտ ելույթներով, այլև կոնկրետ իրավախախտումներով»:
Կամ «Բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ զեկույցում արտահայտված մտքերը զուտ քաղաքական բնույթի են և առավել միտված են հասարակության ավելի լայն շերտերի մոտ լուծումներ առաջարկելու պատրանք ստեղծելուն, քան իրական, ներպետական օրենսդրությամբ թույլատրելի կամ, թեկուզ, միջազգային իրավական պրակտիկային հայտնի կոնկրետ լուծումներ տալուն»:
Եվ վերջում. «Զեկույցի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ դրանում բարձրացված հարցերի վերաբերյալ հետևությունները հիմնազուրկ են, քանի որ որևէ կերպ ստուգված չեն և վերաբերում են հիմնականում մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումներում բարձրացված հարցերին, սակայն որևէ նշում չկա այն մասին, թե ինչպիսին են եղել իրավասու մարմինների կողմից դրանց քննության արդյունքները: Ընդ որում, առանձին դեպքերում, առանց սահմանված կարգով քննարկման, հիմնավորված համարելով դիմումներում նշված փաստարկները, զեկույցում իրավական գնահատական է տրված դրանց:
Ասվածը թույլ է տալիս եզրակացնելու, որ զեկույցում արտացոլված փաստերը ներկայացված են միակողմանի, կամայական մեկնաբանություններով ու գնահատականներով, իսկ իրավական բնույթի հարցերը վերաբերում են նախաքննությանը և ներկայացված են որպես ուղղակի ցուցում նախաքննական մարմնին ու դատախազությանը, ինչը չի բխում մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորություններից»:
