Վրաստանի վարչապետը խոստացել է մեր վարչապետին

Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Հայստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ։ ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում վարչապետները երկուստեք ընդգծել են կառավարությունների ղեկավարների մակարդակով գործող Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի կարեւորությունը` երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման ու համագործակցության զարգացման տեսանկյունից:

Տիգրան Սարգսյանն իր գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմին մտահոգող որոշ խնդիրներ եւ նրա միջամտությունը խնդրել` դրանց լուծման հարցում: Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, խոսել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող բարձր սակագների ու դրանց ձեւավորման տրամաբանությանը հայկական կողմին եւս իրազեկ դարձնելու կարեւորության մասին:

Սրանից բացի Տիգրան Սարգսյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի իրավաբանական կարգավիճակի ու հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական եւ աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների ու սադրիչ գործողությունների վրա, որոնք ՀՀ վարչապետի համոզմամբ, լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակության շրջանում: Նա հատկապես նշել է վերջերս Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եկեղեցու տարածքն ապօրինաբար պարսպապատելու եւ այդ դատապարտելի արարքով դեպի հեռուն գնացող մտադրությունները, որոնց մասին ապօրինությունն իրականացնողները նաեւ հրապարակավ հայտարարություններ են անում:

Վարչապետ Լադո Գուրգենիձեն դատապարտելի է համարել ծայրահեղական մոտեցումներն ու սադրիչ գործողությունները եւ խոստացել խնդրի էությանն առավել հանգամանորեն ծանոթանալ ու միջամտել: