«Ժառանգության» առաջարկը մերժվեց

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոալիցիայի մեջ մտնող ուժերի ղեկավարներին հրավիրել էր երեքշաբթի երեկոյան քննարկում կազմակերպել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն որեւէ մեկը չարձագանքեց նրա նախաձեռնությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր հասցեագրել իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Արմեն Ռուստամյանին, ինչպես նաեւ նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին` առաջարկելով նրանց երեքշաբթի երեկոյան հանդիպել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, սակայն նշված ժամին հրավիրվածներից որեւէ մեկը չժամանեց: Սակայն ամեն մեկը հարկ համարեց յուրօրինակ պարզաբանում-բացատրություն ներկայացնել:

«Մեր առաջարկը մեկ օրվա առաջարկ չէ, մենք պատրաստ ենք սպասել մինչեւ քաղաքական ուժերն ընկալեն, որ երկխոսությունը հրամայական է», -հայտարարե է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը: