ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացադուլավորների քանակը աճում է
Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը, այսպիսով միանալով Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի հացադուլին:
Սրանից օրեր առաջ Գյումրի քաղաքից թվով 15 ազատամարտիկներ արդեն հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից` մայիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով Աշոտ Զաքարյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների ազատությունը: Նրանք եւ իրենց եւս 7 զինակիցները մայիսի 7-8-ը արդեն 24 ժամյա հացադուլ հայտարարել էին, ինչին իշխանությունները որեւէ կերպ չէին արձագանքել:
Հացադուլ հայտարարելու որոշումը հրապարակելուց հետո Շիրակի մարզի ազատամարտիկները տարածել են հայտարարություն, որում ասվում է.
«2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո շինծու եւ անհիմն մեղադրանքներով, իրենց քաղաքական հայացքների համար, բանտերում են հայտնվել Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ: Տեղի ունեցող դատավարությունները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ մարդկանց կալանավորում են կամ դատապարտում ազատազրկման ինչ-որ կասկածելի հանգամանքներով, վստահություն չներշնչող վկաների շինծու ցուցմունքներով, ըստ վերեւներից իջեցրած քաղաքական պատվերի:
Չհամակերպվելով Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի հետ, մենք` Շիրակի մարզի առայժմ թիվ 15 (տասնհինգ ազատամարտիկներս, 2008 թվականի մայիսի 12-ից հայտարարում ենք անժամկետ հացադուլ` ի պաշտպանություն մեր ազատազրկված հրամանատար-գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանի եւ մյուս քաղբանտարկյալ հերոս ազատամարտիկների:
Խոհեմության եւ սթափության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քանի որ ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է իրենց վրա»:
