ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աղվան Հովսեփյանին պատասխանել է միայն Կոտայքի դատախազությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության և վերլուծության վարչությունում ամփոփվել է Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի 03.10.2007թ. «Հայաստանի Հանրապետության կոլեգիայի որոշումներում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և նրա տեղակալների առանձին հանձնարարականներում փոփոխություններ մտցնելու մասին» որոշման (արձանագրություն N 5) 1.10 կետի պահանջների կատարման վերաբերյալ մարզերի, Երևան քաղաքի, համայնքների և կայազորների զինվորական դատախազություններից ստացված հաղորդումները՝ 2007թ. 2-րդ կիսամյակի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, Հաղորդումներից պարզվել է, որ 2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մամուլում հրապարակումներ են եղել միայն Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Դավիթաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների վարչական տարածքներում կատարված հանցագործությունների և տեղ գտած օրինախախտումների վերաբերյալ: Մնացած մարզերի և համայնքների վարչական տարածքներում, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների տարածքում գտնվող զորամասերում և այլ զինվորական կազմակերպություններում կատարված հանցագործությունների և տեղ գտած օրինախախտումների մասին նույն ժամանակահատվածի ընթացքում մամուլում հրապարակումներ չեն եղել:
Հաղորդումների ամփոփումով պարզվել է նաև, որ ՀՀ դատախազության կոլեգիայի 03.10.2007թ. որոշման (արձանագրություն N 5) 1.10 կետի պահանջի պահպանմամբ՝ մամուլում եղած հրապարակումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին անհապաղ զեկուցվել է միայն Կոտայքի մարզի դատախազության կողմից: Արագածոտնի մարզի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների վարչական տարածքներում կատարված հանցագործությունների և տեղ գտած օրինախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին ՀՀ գլխավոր դատախազին զեկուցագրեր ներկայացվել են ուշացումներով, իսկ Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների դատախազության հաղորդման մեջ չի նշվել մամուլի հրապարակումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին անհապաղ զեկուցելու մասին:
Վերոգրյալի նկատի ունենալով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է. «1. Համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ դատախազության կոլեգիայի 03.10.2007թ. որոշման (արձանագրություն N 5) 1.10 կետի պահանջները պատշաճ կատարելու ուղղությամբ՝ հնարավորինս մանրամասն տեղեկատվություն ներկայացնելով դրանց մասին:
2. Հանցագործությունների, տեղ գտած օրինախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին անհապաղ չզեկուցելու (կամ ուշացումներով զեկուցելու) դեպքերը կդիտվեն մարզերի, Երևան քաղաքի, համայնքների և կայազորների զինվորական դատախազների կողմից իրենց ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման դրսևորումներ՝ համապատասխան հետևանքներով հանդերձ»:
