Առեւանգել են հացադուլավորին

Այսօր առավոտյան ժամը 9. 10- ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավարության վրա ոստիկանները առեւանգել են հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Արշավիր Բոզինյանը Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչների հետ պատրաստվում էր գալ Երեւան, այցելել Ծիծեռնակաբերդ, որից հետո շարունակեր իր ընդհատած 27 օրյա հացադուլը:

Արշավիր Բոզինյանը լրագրողներին տեղեկացրել է, որ առավոտյան, երբ նա իր մեքենայով, որի ղեկին իր որդին էր, պատրաստվում էին գալ Երեւան` նրանց միանգամից շրջապատել են մի քանի մեքենա. «Ոստիկաններից մեկն ինձ ասաց, որ հրահանգ ունի ինձ Սովետաշենի գաղութ տանելու: Ես հասկացա, որ նրանց նպատակն այն է, որ թույլ չտան ինձ վանատուրցիների հետ գալ Երեւան, որտեղ մենք պետք է անժամկետ հացադուլ հայտարարեինք: Ես ասացի, որ պատրաստ եմ գնալ նրանց հետ, եթե ազատ արձակեն իմ տղային: Նրանք հրաժարվեցին»:

Հաշմանդամ ազատամարտիկին եւ նրա որդուն ոստիկանները տարել են Սովետաշենի գաղութ, սակայն դարպասից ներս չեն մտել: Սովետաշենի գաղութի դարպասի մոտ Արշավիր Բոզինյանին եւ նրա որդուն պահել են մինչեւ 18.10: Ազատամարտիկին եւ նրա որդուն ոստիկանները ստիպված հետ են տարել Հրազդան, երբ հասկացել են, որ ազատամարտիկը այդ ընթացքում հասցրել է զանգահարել որոշ ԶԼՄ-ների. «Ինձ եւ տղայիս նրանք բերեցին Հրազդան: Երբ հասանք Վանատուր նրանք իրենց դուրս գցեցին մեր մեքենայի միջից եւ փախան իրենց մեքենաներով, որոնք մեզ էին հետեւում», -պատմում է ազատամարտիկը։

Վանատուրից նա գնացել է Հրազդանի ոստիկանություն եւ այնտեղ հանդիպել իրեն առեւանգած ոստիկաններին. «Ես Հրազդանի ոտիկանապետ Ավետիք Աբրահամյանին ասացի, որ ինքը եւ իր ոստիկանները պատասխան են տալու իրենց արածների համար: Վաղը ես Հրազդան եմ հրավիրել բոլոր լրատվամիջոցներին: Ինչպես խոստացել եմ` շարունակելու եմ իմ հացադուլը` բոլոր ցանկացողների հետ, որոնք իմ խնդրանքով չէին միանում հացադուլին: Այսօր մեր իշխանությունները թուրքերին մեղադրում են անմեղ հայերին կոտորելու մեջ, սակայն իրենք նրանցից ոչնչով չեն տարբերվում»: Այսօր Հրազդանի ոստիկանները ջարդել են հաշմանդամ ազատամարտիկի սայլակը, իսկ նրա ձեռքերին կապտուկներ եւ քերծվածքներ առաջացրել: