Նոր ժամանակներ կուսակցության հայտարարությունը

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած երկու ամիսներին,
նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեւավորված համաժողովրդական շարժմանն ի պատասխան՝
կրիմինալ վարչախումբը ոչնչի առաջ չընկրկելով շարունակում է Հայաստանը հակադրել
քաղաքակիրթ աշխարհում ընթացող զարգացումներին։ Հատկապես հատկանշական են իշխող
վարչախմբի պատվերով իրականացվող համընդհանուր քաղաքական տեռորի անտրամաբանական եւ
աննախադեպ դրսեւորումները, ինչի արդյունքում Հայաստանը քաղբանտարկյալների քանակով
դարձել է անգերազանցելի ռեկորդակիր։ Հակաժողովրդական ռեժիմի զնդաններում են գտնվում
ավելի քան հարյուր քաղաբանտարկյալ, որոնց մեջ առաջինների թվում, փետրվարի 24-ին
ձերբակալվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ նրա
խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։

Ապօրինի վարչախումբը զգալով, որ այրվում է իր ոտքի տակի հողը, չխորշեց նաեւ ձեռք
բարձրացնել հայոց աշխարհազորի վրա՝ բռնարարքների ուղեկցությամբ բերման ենթարկելով
արցախյան ազատամարտի նվիրյալներին։

Համաժողովրդական շարժման առաջամարտիկներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար
ձերբակալելը ամբողջ հանրապետությունով վախի մթնոլորտ ստեղծելու ծայրահեղ
դրսեւորումները եւս մեկ անգամ փաստում են իշխող վարչախմբի ապօրինի՝ հակահասարակական,
հակաիրավական եւ ոչ քաղաքական էությունը։ Բացառապես բռնատիրական սկզբունքներով
առաջնորդվող, քաղաքական մտածելակերպից հեռու վարչախումբը շարունակում է վիժեցնել
Հայաստանում վերածնված ժողովրդական զարգացումները։ Նման գործելաոճը հղի է մեր
պետականության թուլացման, նրա միջազգային վարկանիշի իջեցման եւ, որ առավել կարեւոր
է, երկրի ներքին կայունությանը լուրջ հարված հասցնելու վտանգով։

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը, 2008 թվականի ապրիլի 16-ի նիստում
քննարկելով Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննչական մարմնի
որոշումը, հաստատագրեց, որ նենգաբարո վերնախավի վախը եւ սարսափը շարունակում են
հակաիրավական որոշումների հիմք հանդիսանալ։ Արդյունքում խախտվել է անմեղության
կանխավարկածի նորմը եւ կալանքը վերածվել է պատժի միջոցի։

Ստեղծված իրավիճակում հետամուտ լինելով վարչախմբի կողմից կազմակերպված քաղաքական
տեռորի բոլոր դրսեւորումներին համարժեք իրավա–քաղաքական գնահատական տալու իր
դրքորոշմանը, արձանագրելով, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով գնալուն
այլընտրանք չունի՝ «Նոր ժամանակներ» կուսակցությունը հայտարարում է.

  • Հայաստանում ձեւավորվել է մի հասարակություն, որը արմատապես հակադրության մեջ է
    իշխանությունը բռնությամբ յուրացրած կլանի հետ, որի գործողությունների ողջ
    պատասխանատվությունը կրում են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։
  • Հայաստանի ապագայով մտահոգված յուրաքանչյուր ոք պետք է ոտքի կանգնի պաշտպանելու
    իր սահմանադրական իրավունքը՝ իր ազատությունը եւ արժանապատվությունը։
  • Միջազգային կազմակերպությունները պետք է ձեռնպահ մնան որեւէ կողմնակալ
    դիրքորոշումից, համոզված լինելով, որ քաղաքակրթական խաչմերուկ հանդիսացող իր
    պատմական բնօրրանում հազարամյակներ գոյատեւող հայ ժողովուրդը էությամբ մշտապես եղել
    եւ մնում է ժողովրդավարական արժեքների հավատարիմ կրող եւ պաշտպան։