ԵԽԽՎ–ն հորդորում է իրականացնել հրատապ բարեփոխումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 17-ին քվեարկությամբ ընդունվել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ձայներով:

Զեկույցը, համահեղինակել են ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, հորդորում է Հայաստանին վերջ դնել ներկա ճգնաժամին եւ իրականացնել հետեւյալ հրատապ բարեփոխումները. անցկացնել անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, հանել ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմության բոլոր կողմնակիցներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացված բոլոր մեղադրանքները` եթե այդ մարդիկ հանցանք չեն կատարել, ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով, անհապաղ փոխել հանրահավաքների, երթերի, ցույցերի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք հակասում են եվրոպական չափանիշներին:

Հայաստանյան պատվիրակությունը զեկույցի նախագծի շուրջ ներկայացրել էր 36 փոփոխություն, որոնցից 4-ին դեմ էր արտահայտվել Մոնիտորինգի հանձնաժողովը: